Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, շատերը սկսեցին խոսել, որ իշխանության ներսում սպասվում են վերադասվորումներ: Օրինակ, տրամաբանությունը հուշում էր, որ իշխանությունից պետք է հեռանան մարդիկ, ովքեր արեւմտյան կողմնորոշում ունեն: Շատերը խոսում են, որ շուտով հրաժարական է տալու վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով շաբաթներ առաջ հրապարակավ դեմ էր արտահայտվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Իհարկե, ես ավելի հակված եմ մտածելու, որ Տիգրան Սարգսյանն ավելի շուտ կհրաժարվի իր նախկին դիրքորոշումից, քան՝ պաշտոնից: Մյուս կողմից, չի բացառվում, որ գործող վարչապետի պաշտոնավարման հարցն որոշվի ոչ թե նրա, այլ՝ մյուս խաղացողների կամքով կամ գործոնների ազդեցությամբ: Արդեն իսկ նկատելի է, որ սկսվել է պոտենցիալ վարչապետացուների ակտիվացում: Օրինակ, Կարեն Կարապետյանը, ում եղբայրը ռուսական ծագում ունեցող լուրջ բիզնեսի տեր է, հարցազրույց է տվել՝ հար եւ նման կառավարության ղեկավարի ծրագրային ելույթին: Պարոն Կարապետյանը սակավախոս գործիչներից է, իսկ նրա այսօրվա ծրագրային հարցազրույցն եւս մեկ ապացույց է, որ Հայաստանի իշխանությունը կանգնած է վերադասվորումների շեմին: Ի դեպ, չի բացառվում, որ, ենթադրենք, նույն Կարապետյանի վարչապետ նշանակվելու պարագայում՝ ձեւափոխության ենթարկվի նաեւ կառավարող կոալիցիայի ֆորմատը: Հայտնի է, որ Կարապետյանը՝ լինելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, հրաշալի հարաբերություններ ունի նաեւ Ծառուկյանի հետ, որովհետեւ Կարապետյանները նրա հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեն: Սա վարկածներից մեկն է, իհարկե: Ներիշխանական գործընթացները կունենան նաեւ նաեւ այլ զարգացումներ եւ ֆիգուրանտներ:
Ֆեյսբուք