Amerikayidzayn.com-ը գրել է. ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարք Քիրքը ներկայացրել են ԱՄՆ-ի նախագահին ճշմարտության հիման վրա հայ-թուրքական արդար և կառուցողական հարաբերությունների ձևավորման ուղղությամբ աշխատելու կոչ անող բանաձև, որի հիմքում պետք է ընկած լինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության արդար ճանաչումը: Սենատորներ Բարբարա Բոքսերն ու Էդ Մարքին արդեն իսկ միացել են բանաձևին՝ համահեղինակելով այն:
Բանաձևը ներկայացնելու ընթացքում, ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության, ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսը շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը զարհուրելի և փաստերով ապացուցված իրականություն է, որը երբեք հնարավոր չե հերքել:
«Այս բանաձևն ամենավճռական եղանակով վերահաստատում է, որ մենք միշտ կհիշենք այս ողբերգությունը և կհարգենք հայ անմեղ զոհ գնացած տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը, որոնք սպանվել են և վտարվել իրենց հայրենիքից: Հայոց ցեղասպանության մասին պետք է ուսուցանել, այն պետք է ճանաչել և պետք է հարգել դրա զոհերի հիշատակը՝ կանխելու համար նման ոճրագործությունների կրկնումը», - ներկայացնելով բանաձևը՝ ասել է սենատոր Մենենդեսը:
«Գալիք տարի լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանության ականատեսը դարձած խիզախ մարդիկ այժմ չափազանց սակավաթիվ են, և նրանց թվում է Չիկագոյում բնակվող 107-ամյա Հելեն Փալոյանը, որը կորցրել էր իր հորն ու երկու եղբորը: Ցեղասպանությունը վերապրածներին ու ցեղասպանության ընթացքում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու և ամբողջ աշխարհում մարդու իրավունքի ոլորտում առաջնորդություն ցուցաբերելու համար Միացյալ Նահանգները պետք է վերջապես միանա Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ի մեր 11 դաշնակցին՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործում», - շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչման Սենատի նոր բանաձևը ներկայացրած սենատոր Քիրքը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում