Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարների, ԳՇ պետը, ՀՀ ՊՆ և ԳՇ վարչությունների պետերը: Այս մասին հայտնում է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով միջադեպին՝ Սեյրան Օհանյանը ասել է. «Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երեւույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն ԶՈՒ-երից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա»: ՊՆ նախարարը հանձնարարել է իրականացնել ծառայողական մանրազնին քննություն եւ պատժել բոլոր մեղավորներին: