Ադրբեջանում նոր կրքեր են բորբոքվում: Պաշտոնական Բաքուն կրկին ջղզաձգվում է: Իսկ առիթն այս անգամ բավական «ծանրակշիռ» է:
Նախօրեին Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը՝ իրենց իսկ բնորոշմամբ՝ «տարօրինակ» հայտարարություններ է արել՝ «Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը» զեկույցի շրջանակներում: Դեսպանը խոսել է Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու հավանականության մասին՝ զուգահեռներ անցկացնելով ԼՂՀ-ի հետ:
«Այն, ինչ տեղի է ունենում Մեծ Բրիտանիայում, հետաքրքիր է: Շոտլանդիայի բնակչության մի մասը չի ցանկանում լինել Մեծ Բրիտանիայի կազմում: Սակայն պատերազմ սանձազերծելու փոխարեն ՝ մենք նպատակ ունենք հանրաքվե անցկացնել: Եվ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հստակեցման հարցում ևս ելքը հանրաքվեն պետք է լինի»,- ասել է դեսպանը, ապա հավելել.
«Գոյություն ունի անմիջական հակամարտություն. ոմանք ցանկանում են լինել Ադրբեջանի կազմում, ոմանք ոչ: Մեր դեպքում էլ այդպես է՝ ոմանք ուզում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, ոմանք՝ ոչ: Տեսնենք, թե ինչ կլինի»:
Բնականաբար դեսպանի այս հայտարարությունը խոցել է ադրբեջանցիներին: Ադրբեջանական haqqin.az կայքը նկատում է, որ փաստացի դեսպանը կասկածի տակ է առել Լեռնային Ղարաբաղի ապագան՝ Ադրբեջանի կազմում, ապա շարունկում.
«Շոտլանդիայի ու Ղարաբաղի միջև զուգահեռներ անցկացնող դեսպանի դիրքորոշումն այնքան էլ կոռկետ չէ: Մի՞թե դեսպանի նման խելացի անձնավորությունը չի նկատում 2 Խնդիրների միջև տարբերությունը»: