ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Asekose.am-ին հայտնեցին, որ այս պահին ընթացքի մեջ է միայն հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում ձերբակալված «օֆշորային սկանդալի» հերոս, գործարար Աշոտ Սուքիասյանի էքստրադիցիայի հարցը. որևէ մանրամասներ` կապված նրա ձերբակալման ոստիկանությունից չհաղորդեցին:
Աշոտ Սուքիասյանի նկատմամբ ՀՀ ոստիկանությունը հետախուզություն էր հայտարարել 2013 թվականի հունիսի 17-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:
Աշոտ Սուքիասյանը, ով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է, ներկայացել էր որպես ադամանդագործ, գործարար Փայլակ Հայրապետյանի ողջ ունեցվածքը «Ամերիա» բանկում գրավադրել էր՝ իբրեւ թե սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ու անհետացել էր:
Ինքը` Փայլակ Հայրապետյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, որ ինքն իր ողջ ունեցվածքը վստահել էր ոչ թե ներկայումս հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին, այլ պետությանը, քանի որ Սիերա Լեոնեում ներդրումներ անելու մասին պայմանավորվածությունների մասին խոսել են Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախարարի ներկայությամբ: Հենց այնտեղ է Աշոտ Սուքիասյանը ասել, թե ոսկու և ադամանդի հանքեր ունի և կարող է հումք բերել աֆրիկյան այդ պետությունից: Սուքիասյանն ասել է, թե այդ ամենի համար 12 միլիոն դոլար է անհրաժեշտ: Այդ գումարը ձեռք բերելու համար Փայլակ Հայրապետյանը համաձայնել է «Ամերիա» բանկում գրավադրել իր ունեցվածքը, հույսով, որ ստացված հումքը Հայաստանում մշակելու հնարավորություն կունենա: Սակայն, Հայրապետյանի փոխանցմամբ Սիերա Լեոնեից այդպես էլ հումքը Հայաստան չի եկել, փոխարենը բանկը սկսել է իր ունեցվածքը վերցնել:
hetq.am-ի փոխանցմամբ`գործարարը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում, երբ նա Թուրքիայից Վրաստան է ժամանել: Երբ Աշոտ Սուքիասյանը հատել է վրացական սահմանը, վրացի սահմանապահները նրա տվյալները ստուգելիս հայտնաբերել են, որ Ա. Սուքիասյանը հետախուզման մեջ է և անմիջապես ձերբակալել են:
Վրաստանի գլխավոր դատախազությունից կայքին հայտնել են, որ հիմա զբաղվում են Աշոտ Սուքիասյանի էքստրադիցիայի փաստաթղթերը ձևակերպելու գործընթացով: