yerkir.am-ի փոխանցմամբ` այսօր ԱԺ քարտուղարություն է ներկայացվել ձևաթուղթ` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի, ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Տիգրան Ուրիխանյանի կողմից, համաձայն որի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին հայտարարությունը իմպերատիվ կարգով կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգում:
Ձեւաթղթի տակ ստորագրել է 49 պատգամավոր:
Ելույթ ունենալով ԱԺ նիստում` ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ չորս խմբակցությունները` «Ժառանգություն», ՀՅԴ, ԲՀԿ և ՀԱԿ, և որի նպատակն է օգտվել կանոնակարգ-օրենքի հնարավորությունից` արտահերթ քննարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ հարցը: Նա նշել է, որ արտահերթ քննարկման նպատակը քաղաքացիների մի ստվար խմբի կողմից բարձրացված` տարիներ շարունակ խորհրդարանում վեճերի առիթ դարձած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հունվարի 1-ից ներդնելը հետաձգելն է: Նրա խոսքով' այս օրենքի նպատակն է, հիմնախնդիրները անտեսելով, ֆինանսական շուկաներում ռեսուրսներ ապահովելը, բայց ֆինանսական շուկայում այսօր դոմինանտ դեր ստանձնած բանկերը կառավարելու են սոցիալական խնդիրները, այնինչ` բնակչության 70 տոկոսն այսօր բանկային վարկերի տակ է:
«Արդյո՞ք նպատակը մեր քաղաքացիներին ֆինանսական շուկայի բարձր ռիսկային խաղերի մեջ գցելն է: Ֆինանսական շուկայում ռիսկերը և կազինոն իրարից շատ չեն տարբերվում: Եվ եթե նպատակը ժողովրդին կազինոյի խաղացող դարձնելն է, ուրեմն սխալ նպատակ եք հետապնդում»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը հավելել է` եթե մարդը չունի ապրելու փող, նվազագույն պայմաններ, հնարավոր չէ նրան պարտադրել, որ նա խնայողություններ անի: Ուստի անմարդկային մոտեցումները չեն կարող աշխատել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում