Անի Զախարյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրեց, որ Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցությանը հաջորդ շաբաթ հանրությանը կներկայացնի իր քաղաքական և տնտեսական ծրագրերի ողջ ռազմավարական փաթեթը, որն արտացոլում է մոտակա տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության համար կուսակցության կողմից նախանշված և ամրագրված քաղաքական, տնտեսական, ազգային անվտանգության, կրթական, մշակութային ռազմավարական այն ուղղությունները և բանաձևերը, որոնք Հայաստանի ներկա ներքին և արտաքին քաղաքական իրադրության մեջ ամենաօպտիմալն են Հայաստանի Հանրապետության համար:
«Մենք ասպարեզ մուտք ենք գործել լուրջ առաքելությամբ` միավորել ընդդիմադիր դաշտը: Այսօր բոլորը քաղաքական գործիչ են դարձել, բայց չկա մեկ ընդհանուր գաղափարախոսություն: Ամեն ինչ տեսանք` բացի քաղաքականությունից»,-ասաց Անի Զախարյանը:
Լուրջ ծրագրերի շարքում, ինչպես տեղեկացրեց բանախոսը, կներառվեն նաև ծեսերն ու տոները, որոնք կգունազզարդեն կյանքը. Սփյուռքահայության տոն, երջանկության տոն…
Ինչ վերաբերում է երեկ` Մաշտոցի պողոտայում կատարված դեպքերին, ապա Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության նախագահը նշեց, որ Շանթ Հարությունյանի հնչեցրած գաղափարներն իր համար հոգեհարազատ էին.
«Բայց, երբ տեսնում ես` 4-5 հոգի փայտով հեղափոխություն է անում ու մի բան էլ` հայտարարում է քայլերի մասին, բա դա հեղափոխություն եղա՞վ»,-հարցրեց Անի Զախարյանը: