«Գործընկերություն հանուն բաց հասարակության» ՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները» խորագրով քննարկումը շարունակվում է: Ներկա են փորձագետներ, քաղաքական գործիչներ, ներկայացուցիչներ` Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններից:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն անդրադառնալով ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը` խնդրին անդրադարձավ մեր երկրի ինքնիշխանության, անվտանգության տեսանկյունից:
«Նրանք, ովքեր կողմ են ՄՄ-ին` չեն պատկերացնում, որ դա դեմ է մեր պետական ինքնիշխանությանը: ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում վերազգային որևիցե կառույց, որի որոշումները ընդունելի լինեն ՀՀ պետական կառույցների համար: Իսկ տնտեսական կոմիտեի որոշումները պարտադիր են անդամ երկրների համար` անգամ երրորդ պետությունների հետ առևտրային հարաբերությունների գործում: Դա անտեսել և խոսել գազի գնից` ընդունելի չէ»,-խոսքում նշեց Խ.Քոքոբելյանը` փաստելով, որ, եթե ԵՄ-ի դեպքում ստանդարտների հետ գործ ունենք, ապա ՄՄ պարագայում` ինքնիշխանության սահմանափակման:
Անի Կարապետյան