«Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանը, «Ազատ դեմոկրատներ»-ից առաջադրված Ստյոպա Սաֆարյանն ու «Ելք»-ի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չցանկացան մեկնաբանել Արցախի հերոս, ռազմական, պետական և քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի ձերբակալությունը:
«Նախնական կարծիք չունեմ: Որպես իրավաբան ճիշտ չեմ համարում մեկնաբանել»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:
Ստյոպա Սաֆարյանն էլ, թե. «Ո՛չ փաստաբանը, ո՛չ էլ ինքը՝ Սամվել Բաբայանը, որևէ առանձնակի հայտարարությամբ հանդես չեն եկել: Ոչ կարող եմ հիմք ընդունել իր հերքումը, ոչ էլ կարող եմ չհավատալ տարածված տեղեկատվությանը, ուղղակի վերջին տարիներին ինձ զարմացնում է, որ քարոզարշավն ուղեկցվում է նման ձերբակալություններով:
Եթե ուզում ենք, որ ընդունեն նման հաղորդագրությունները որպես արժանահավատ, դրանք պետք է արվեն բարձր մակարդակով, որովհետև ոչ միայն ես, այլև հանրության մեջ շատ շատերը հակված չեն հավատալու դրան»:
«Ելք»-ի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ քանի դեռ հստակ տեղեկատվություն չկա, չի ուզում ոչինչ ասել, առավել ևս քաղաքականացնել այս ձերբակալությունը:
Ինչ վերաբերում է նախընտրական պայքարին, ապա «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանն այն խայտառակ որակեց.
«Սկզբում սկսեցին իրար վիրավորել,հետո անցան հրմշտոցի, դանակահարության: Ոչ մի երաշխիք չկա, որ ընտրությունները գնդակահարությամբ չեն ավարտվի: Ոմանք սահմաններն անցել են»,-նկատեց Գևորգ Պետրոսյանը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում