▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե Օզբիլիս, այլ՝ Զբիլիսյան. հետաքրքիր 10 փաստ՝ Արաս Օզբիլիսի մասին

Արաս Օզբիլիսն այն ֆուտբոլիստներից մեկն է, ով վերադարձրեց հայ երկրպագուների հավատը Հայաստանի հավաքականի նկատմամբ: Նա և խաղընկերներն իրենց տպավորիչ ու արդյունավետ ֆուտբոլի շնորհիվ ցույց տվեցին, որ մենք թիմային մարզաձևում նույնպես կարող ենք զգալի հաջողություններ ունենալ: Ճիշտ է, մեր հավաքականն այդպես էլ ձեռք չի բերել որևէ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր, այժմ էլ որոշակի ճգնաժամի մեջ է, Օզբիլիսը շարունակում է սիրելի անձնավորություն մնալ հայկական ֆուտբոլին առնչվող մարդկանց շրջանում:

ArmFootball.com-ը ներկայացնում է 10 փաստեր, որոնք կօգնեն ավելի լավ ճանաչելու թուրքական «Բեշիքթաշում» հանդես եկող ֆուտբոլիստին:

1. Արաս Օզբիլիսը ծնվել է 1990 թվականի մարտի 9-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Նրա ծնողները հայեր են, իսկ պապերը եղել են Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքից, որը հայոց Ցեղասպանությունից հետո անցել է թուրքական տիրապետության:

2. Իրենց գոյությունը Թուրքիայում պահպանելու համար նրա պապերը ստիպված են եղել փոխելու ազգանունը՝ Զբիլիսյանը դարձնելով Օզբիլիս: 1990-ականներին Արասի ընտանիքն այնտեղից տեղափոխվել է Հոլանդիա: 7 տարեկանից սկսել է մարզվել Ամստերդամի «Այաքսի» մանկապատանեկան թիմում:

3. Օզբիլիսն ամստերդամյան լեգենդար ակումբի գլխավոր թիմում հայտնվեց 2010 թվականին՝ նրա հետ կնքելով 2,5 տարվա պայմանագիր: Նա իր մասին խոսեցնել տվեց արդեն երիտասարդական թիմում ելույթների ժամանակ և դրա շնորհիվ ճանաչվեց ակումբի ամենախոստումնալից ֆուտբոլիստ: Առաջին թիմում նորամուտը կարող էր կայանալ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում՝ Մադրիդի «Ռեալի» դեմ մրցավեճում, բայց Արասն այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին:

4. Այդուհանդերձ, երկար սպասված օրը եկավ նոյեմբերի 28-ին, երբ 20-ամյա ֆուտբոլիստը Հոլանդիայի առաջնության «Վենլոյի» դեմ արտագնա խաղում փոխարինեց ֆինն Տեմու Տաինիոյին: Օզբիլիսն իրեն հրաշալի դրսևորեց, իսկ «Այաքսը» հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: Առաջնության արդեն հաջորդ խաղում գլխավոր մարզիչ Մարտին Յոլն Արասին տեղ վստահեց մեկնարկային կազմում:

5. Օզբիլիսն «Այաքսի» գլխավոր թիմում անցկացրեց 2 մրցաշրջան: Հոլանդական ակումբում նրա գուցե ամենահիշարժան խաղը կայացավ 2012 թվականի փետրվարի 23-ին, երբ «Այաքսը» Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկությունում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Հյուրերը պարտվում էին 0:1 հաշվով, սակայն 37-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը՝ շնորհիվ Օզբիլիսի հրաշալի գոլի: Հետագայում նաև հաղթանակ կորզեցին 2:1 հաշվով: Այդ խաղից հետո կային խոսակցություններ, որ Օզբիլիսի խաղը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտների ուշադրությունը:

 

6. Կրասնոդարի «Կուբանում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մինչ 2015 թվականը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակում»: Սկզբնական շրջանում ամեն ինչ հարթ էր ընթանում նրա համար, իսկ հետո եղավ ծանր վնասվածքը, ինչպես նաև գլխավոր մարզչի պաշտոնում ազգությամբ թուրք Յակինի նշանակումը: Ֆուտբոլիստի և մարզչի փոխհարաբերությունները լարված էին, և խաղացողը նախընտրեց հեռանալ Ռուսաստանից:

7. Պայմանագիր կնքելով թուրքական «Բեշիքթաշի» հետ՝ Օզբիլիսը կես տարի վարձավճարով անցկացրեց իսպանական «Ռայո Վալյեկանոյի» կազմում: Այսպիսով, նա դարձավ Հայաստանի հավաքականում հանդես եկած առաջին ֆուտբոլիստը, ով ելույթ է ունեցել Իսպանիայի Լա Լիգայում:

8. Օզբիլիսի հայտնվելը Հայաստանի հավաքականում այդքան էլ սահուն չստացվեց: Խաղացողը ստիպված էր ընտրություն կատարելու իր պատմական հայրենիքի և Հոլանդիայի ընտրանու միջև: 2010 թվականի մայիսին նա արդեն հրավիրվել էր երիտասարդական հավաքականի հավաքին, մարզիչները ծանոթացել էին նրա կարողություններին, բայց կային փաստաթղթային խնդիրներ: Հետագայում՝ երկար մտորումներից հետո, Արասն ընտրեց Հայաստանի ազգային հավաքականը և ստացավ Հանրապետության քաղաքացիություն:

9. 2011 թվականի հոկտեմբերի 4-ին Օզբիլիսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստացավ քաղաքացիություն և ընդգրկվեց Հայաստանի հավաքականում: Նորամուտի խաղում մերոնք 2012 թվականի փետրվարի 29-ին ընկերական մրցավեճում մրցեցին Կանադայի ընտրանու հետ: Արասը նորամուտը նշանավորեց խփած գնդակով (3:1):

10. Օզբիլիսը հավաքականի կազմում մինչ օրս 27 հանդիպում է անցկացրել և դարձել 4 գոլի հեղինակ: Առանձնանում են նրա խփած գոլերը Դանիայի և Բուլղարիայի հավաքականների դարպասը: Դրանք պատմական հանդիպումներ էին մեր ընտրանու համար: Օզբիլիսի անհավանական գոլը տուգանային հարվածով սկիզբ դրեց Երևանում բուլղարացիների նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակին: Իսկ Կոպենհագենում Արասի հեղինակած ոչ պակաս գեղեցկության գնդակն ապահովեց խոշոր հաշվով հաղթանակ դանիացիների դեմ մրցավեճում՝ 4:0:

 

 

Արման ԱԲԵԼՅԱՆ

ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее