Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն henaran.am-ի հետ զրույցում պատասխանել է մի քանի հարցերի և հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ վերանշանակվելու է Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է.
«Իմ ուղեղում այս պահին ոչ մի բան չկա: Ես մի բան եմ մտածում՝ ամեն ինչ արվի, որպեսզի ապացուցվի որդուս՝ Տիգրանի անմեղ լինելը: Զինված հարձակում էր, նա պաշտպանվել է: Թե չէ պաշտոնը ինձ համար խնդիր չէ: Պաշտոնով չի, որ ինձ կճանաչեն, պաշտոնով չեմ ես սիրունացել, այլ պաշտոնն եմ սիրունացրել:
Անդրադառնալով որդու` մարդ սպանելու փաստին, Սյունիքի նախկին մարզպետն ասել է.
«Էսօր կարդացի, որ 1995 թվականին մարդ ա սպանել Տիգրանը: Էդ ժամանակ ինքը մի տարեկան էր»:
Հիշեցնենք, հունիսի 1-ին Գորիսում Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մահացել էր գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ Արտակ Բուդաղյանին և Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Առուստամյանին տեղափոխել են հիվանդանոց: Իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են նախկին մարզպետի 19-ամյա որդին` Տիգրանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: