ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում եմ որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ: Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն` ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:
Վերոնշյալ եզրահանգումը հիմնված է հետևյալ իրադարձությունների և իրավական փաստարկների վրա: Սույն թվականի մարտի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղած բանավոր հաղորդագրությամբ նշել է, որ 15.03.2011թ-ին երեկոյան այցելել են Ազատության հրապարակ, որտեղ փորձել են հացադուլ իրականացնող Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան կամ տաքացուցիչ տեղադրել, ինչին ոստիկանները ամեն կերպ խոչընդոտել են:
Քննարկվող հարցի վերաբերյալ ՀՀ օրենսսդրության և միջազգային իրավական նորմերի վերլուծությունից բխում է հետևյալը.
- Խաղաղ ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր (այդ թվում՝ նաև նստացույցներ), ինչպես նաև այլ միջոցառումներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքով ամրագրված է քաղաքացիների կողմից առանց լիազոր մարմնին իրազեկման ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու իրավունքը՝ հասարակական կարգը չխախտելու պայմանով:
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ ցուցարարների համար՝ իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման պարտավորության պահպանման անհրաժեշտության մեջ:
- Հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառուցվածքների և վրանների տեղադրումը:
Վերոհիշյալ եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու պետության պոզիտիվ պարտավորության բովանդակությունից, առողջության պահպանման իրավունքի ապահովման` պետության համապատասխան պոզիտիվ պարտավորություններից, ինչպես նաև այն հանգամանքից, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հրապարակային միջոցառում իրականացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը:
Ելնելով ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով` կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի կամ հովանոցի տեղադրումը:
Օմբուդսմենը կոչ է անում թույլ տալ վրան տեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանի համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet