ԱԺ-ում շարունակվում է Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնության քննարկումը:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ելույթի ժամանակ ասաց, որ չէր կարող չստորագրել նախաձեռնության ներքո, քանի որ դատապարտվել է Մարտի մեկի գործով և, եթե կա, մեկը, ով շահագրգռված է ողջ իրողությունը ի հայտ բերելու համար, ապա դրանցից մեկն ինքն է:
«Քանի դեռ այս խորհդարանում կա ձեր մեծամասնությունը, բացառված է, որ Մարտի մեկի որևէ հանձնաժողով որևէ կերպ նպաստի սպանությունների բացահայտմանը կամ տա որևէ անաչառ գնահատական»,-խոսքն ուղղելով ՀՀԿ մեծամասնությանը` ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
«Սա ավելի շատ գոլորշի բաց թողնելու ինչ-որ միջոց է, պետք չէ շահարկել: Եթե ինչ-որ բանով Մարտի մեկի նախօրեին ուզում էիք օգնել, մի որոշում կայացնեիք, ընտանիքներին և այն երեխաներին, ովքեր որբ են մնացել, թոշակ նշանակեք: Դրանով շատ ավելի մեծ գործ կանեք»,-նշեց պատգամավորը` շեշտելով.
«Մարտի մեկի իրողությունը կբացահայտվի միայն ՀՀԿ-ի` իշխանությունից գնալուց հետո: Իրողություն կա, բոլորը գիտեն, թե ինչ է կատարվել այդ օրը: Խի դուք չգիտե՞ք: Այստեղ 4 անգամ օրենք եք փոխել, որ մեզ կարողանաք դատել: Մոռացե՞լ եք: Ոնց որ սաղս Լուսնից ենք իջել»: