Անցած շաբաթ՝ մայիսի 22-ի երեկոյան, «Մանչեսթր Արենա» մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո կատարվեց ահաբեկչություն, որի հետևանքով զոհվեց 22 մարդ, տուժեց շուրջ 120 հոգի, նրանցից 59-ը տեղափոխվեցին բուժհիմնարկներ: Ահաբեկչության պատասխանատվությունն էլ ստանձնեց «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:
«Այս ահաբեկչական գործողությունն իրականացավ բրիտանական հատուկ ծառայությունների թերացման պատճառով: 2 ամիս առաջ էլ Լոնդոնում էր ահաբեկչություն կատարվել, իսկ իշխանությունը զբաղված է ներքին խնդիրներով: Հունիսին խորհրդարանական ընտրություններ են սպասվում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նկատենք, որ Մանչեսթրի ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա տղամարդու՝ ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով, իսկ ընդհանուր առմամբ ոստիկանությունն այս գործով արդեն ձերբակալել է 16 մարդու: Ներկա պահին կալանավորված է 14 կասկածյալ:
«Որքան «Իսլամական պետության» դեմ պայքարի օղակը սեղմվի Մերձավոր Արևելքում, այնքան կմեծանան կառույցի պատասխան գործողությունները արևմտյան երկրներում»,-նշեց արաբագետ՝ շեշտելով, որ քաղաքական որոշում կա՝ մինչև վերջ տանել ԻՊ-ի դեմ պայքարը:
«Կառույցն ամբողջովին վերացնել չի հաջողվի, բայց չի լինի այնպիսին, ինչպիսին կա: Կանցնի դասական ահաբեկչական կառույցների գործելաոճին»,-ընդգծեց արաբագետը:
Իսկ, թե ո՞ր երկրներին է ձեռնտու այս կառույցի գոյությունը, Արմեն Պետրոսյանը նկատեց.
«Անգամ Սիրիային է ձեռնտու: ԻՊ-ի գոյությունն ու սպառնալիքն ամբողջ աշխարհին լուրջ փաստարկ էր Ասադի համար: Նա հիմնավորում էր, որ իր վարչակարգի գործողությունները հակաահաբեկչական են: Այսինքն, Սիրիայում ոչ թե ներքաղաքացիական պատերազմ, այլ հակաահաբեկչական պայքար էր: Ձեռնտու էր Թուրքիային, որովհետև նրան անհրաժեշտ էր թուլացնել քրդերի դիրքերը: Տևական ժամանակ է՝ տեսնում ենք Թուրքիա-ԻՊ անուղղակի համագործակցությունը: ԱՄՆ-ին էր անհրաժեշտ, որպեսզի ռազմական գործողություններ իրականացներ Մերձավոր Արևելքում: Հակաահաբեկչական պայքարի քողի ներքո ներսիրիական գործընթացում ներգրավվեց նաև Ռուսաստանը»:
Անի Կարապետյան