«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Նորածիններին վաճառելու, ապօրինի որդեգրումների աղմկահարույց քրեական գործը, որն արդեն 3-4 տարի է՝ քննվում է եւ որը ժամանակին այնքան աղմուկ հանեց, ոչ մի կերպ ավարտին չի հասնում: Գործի քննությունն իրականացվել է բազմաթիվ խախտումներով, այդ թվում հրապարակվել են որդեգրված երեխաների եւ որդեգրող ծնողների՝ գաղտնիք հանդիսացող անձնական տվյալներ։ Բայց մի ուշագրավ դրվագ կա այդ գործում, որը նախաքննության փուլում փորձել են ծածուկ պահել: Բանն այն է, որ Հայաստանից երեխա է որդեգրել նաեւ Իտալիայի նախկին վարչապետ Մարիտ Դրագիի որդին՝ Ջիակամո Դրագին։ Երբ Հայաստանում հենց կառավարության նիստում հայտարարվեց, որ ապօրինի որդեգրումներ են իրականացվել, եւ քրեական գործ հարուցվեց, քիչ էր մնացել քաղաքական սկանդալ հասունանար` Իտալիայի նախկին վարչապետը, նրա ընտանիքը պահանջել են ՀՀ իշխանություններից` դադարեցնել գործի քննությունը եւ ամոթալի աղմուկը, որը վնասում է իրենց ընտանիքին եւ որդեգրված երեխայի իրավունքներն է ոտնահարում: Եվ հայկական կողմը ստիպված է եղել քրեական գործի նյութերից հեռացնել Իտալիայի վարչապետի թոռան էպիզոդը եւ Դրագիի կողմից իրականացված որդեգրության մասին տվյալները։
Սակայն քրեական գործում բազմաթիվ իտալացիների անուններ կան, որոնք ժամանակին Հայաստանից երեխաներ են որդեգրել: Ընդ որում, մեղադրանքն առաջադրվել է երեխաների վաճառքի հետ կապված, բայց առքի հետ կապված մեղադրանք չկա, չնայած երեխա «գնելն» էլ է քրեորեն պատժելի արարք: Առհասարակ, այդ խայտառակ գործի շրջանակներում խախտվել են որդեգրման գաղտնիության եւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության նորմերը, ինչը կարգավորվում է Հաագայի կոնվենցիայով։ Որդեգրման տվյալները հասանելի են դարձել մեծ թվով անձանց, ինչը եւս քրեորեն պատժելի արարք է։