▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որևէ ժամանակ կառավարության շենքը չի ծառայել իշխանավորների ընտանիքի համար որպես զբոսավայր»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Նիկոլ Փաշինյանն իրավիճակին երբեք չի տիրապետել

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՔՊ-ի նախագահ նշանակված Վահագն Խաչատրյանի կազմակերպած իշխանության ներկայացուցիչների տարեվերջյան ընդունելությանը Նիկոլ Փաշինյանի ելույթը բազմաթիվ հարցեր առաջացրեց, նաև համոզմունք, որ նա շարունակում է իրավիճակին չտիրապետել, ինչն աշխարհաքաղաքական խառը ժամանակահատվածում վտանգավոր է մեր պետականության համար։
Երիտ իշխանությունները, էությամբ լինելով աղետաբեր, որի նախանշանները նկատելի դարձան 2018թ-ից, մասնավորապես՝ անտեսելով հանրային դժգոհությունները կոռումպացված ու վարկաբեկված կադրերի նշանակմամբ, ինչպես նաև, օգտագործելով գաղտագողի պարգևավճարների համակարգը, որպես «օրենքով» կոռուպցիայի ձև։ 2020թ-ից սկսվեց պետության կազմաքանդման բուն գործընթացը՝ պատերազմով և բանավոր պայմանավորվածությամբ հանձնելով Արցախի 75 տոկոսը՝ հարվածի տակ դնելով արցախահայության ֆիզիկական գոյությունը, զուգահեռաբար կազմաքանդելով բանակը և մնացած անվտանգային համակարգերը, ինչն անմիջապես տեսանելի դարձավ 2021թ-ի մայիսից, երբ թշնամին առանց կրակոցի մտավ ՀՀ տարածք, իսկ 2022թ-ի սեպտեմբերին շարունակեցին ագրեսիան՝ 7 կմ խորանալով ՀՀ տարածք՝ գրավելով ռազմավարական դիրքեր և այսքանից հետո վարչապետ կոչեցյալը հայտարարում է «․․․ ձախողում ոչ մի համակարգում չի եղել, եղել են սխալներ ու թերացումներ»։ Եվ անբացատրելի հանգստությամբ 2022թ-ը գնահատում է ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի, ինչն ինձ հիշեցրեց 2015-16 թթ-ը, երբ ընդդիմադիր Նիկոլը ճոռոմաբանում էր ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորման մասին՝ 6000 մարդ հավաքագրմամբ։ Հիմա արդեն հասկանալի է, որ արտաքին ուժերի թելադրանքով 1-ին և 3-րդ նախագահները որոշել էին գտնել մեկին, որը կկարողանա «լավրովյան» պլանը կյանքի կոչել՝ վտանգելով պետականության գոյությունը, բայց մնալ իշխանության, նույնիսկ նվաճումներից բարբաջել։
Ավելի կոնկրետ, ըստ ոլորտների կփորձեմ պատասխանել նրա խոսույթին, մասնավորապես՝ բանակում լայնածավալ բարեփոխումների մասին, երբ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով յուրաքանչյուր 5-րդ օրը զինվոր է մահանում, իսկ մարտական գործողությունների ժամանակ զինվորներին առանց հրամանատարների թողնելը և թշնամուն հանձնվելը դարձել է ավանդույթ, այն դեպքում, երբ 1-ին արցախյան պատերազմի ժամանակ հանձնվելը ծայրահեղ ու հազվադեպ երևույթ էր։
Նիկոլի պատկերացմամբ՝ տարին մեկ նախարարություն կրճատելով կամ ավելացնելով, նախարարությունների անունները փոփոխելով, միացնելով, աշխատավարձերն ու պարգևավճարները բազմապատկելով, ընկալվում է որպես բարեփոխում։
Ինչպես միշտ, այս անգամ ևս խոսեց դատական համակարգի մասին, մի քանի անգամ դատավորների աշխատավարձերը բարձրացնելուց, իրեն թվում է՝ մնացականմարտիրոսյանների, արմենդանիելյանների, արշակվարդանյանների նմաններն աշխատավարձի հույսին են մնացել, համակարգում կոռուպցիոն գործարքները բազմապատկվել են, երբեմն հասնելով միլիոն դոլարների։
Նիկոլի պատկերացրած անկախ դատարանն այն է, որը միայն իր քմահաճույքները կսպասարկի, փաստ՝ զոքանչի դեմքով իր ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթը հրապարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից 5 տարվա շահաբաժինն ստանալու դատաիրավական գործընթացը 2 տարի է տեղից չի շարժվում, դատարանը անում է հնարավորը, որպեսզի գործն ընթացք չստանա։
Նա բարեփոխում ու աննախադեպ նվաճում է համարում իր օգնական աղջկան գլխավոր դատախազ նշանակելը, իսկ վերջինիս «անկողմնակալ» դրսևորումն ակնհայտ է, երբ վարչապետի ընտանիքին պատկանող վերոհիշատակված «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ապօրինությունների մասով նախկին դատախազի հարուցված քրեական վարույթը դոփում է տեղում։
Որպես «նվաճում» է ներկայացնում ընտրական գործընթացները, մասնավորապես՝ ՏԻՄ ընտրությունների 100 տոկոս համամասնականի անցումը։ Իրականում կարելի է արձանագրել 100 տոկոս Հանրապետականի ընտրահամակարգի վերականգնում, ինչի վկայությունն էր «հեղափոխությունից» հետո իրար հաջորդող համապետական ընտրությունների անցկացումը մուկուչյանական թվանկարչությամբ և այդ ժառանգությունը հակասահմանադրական ճանապարհով փոխանցվեց Նիկոլի հպատակին։
Առանց ամաչելու խոսեց ամենաձախողված ոլորտի՝ ավիացիայի մասին, երբ այդ ռազմավարական կարևորագույն ոլորտում նշանակեց կենսագրության ու փորձի բացակայությամբ աղջնակի, որի միակ ձեռքբերումը եղավ երկու երեխաների ծննդաբերությունը և ոլորտի կազմաքանդումը։
Նա անդրադարձավ ամենակոռումպացված համակարգերից մեկին՝ էլեկտրաշուկային, իբր ձևավորվել է մրցակցային շուկա, այն դեպքում, երբ բարձրավոլտ համակարգն ու բաշխիչ ցանցերը պատկանում են մեկ սեփականատիրոջ, հետևապես ի՞նչ մրցակցային շուկայի մասին է խոսքը գնում, երբ այլընտրանքային աղբյուրներից արտադրված մասնավորից էլեկտրաէներգիան գնում են մինչև 22 դրամ, վաճառում 50 դրամի սահմաններում։
Վերջապես՝ Նիկոլն իր հպատակների ներկայությամբ ոչ մի խոսք չասեց Արցախում վերջին շաբաթներին տիրող վիճակի՝ շրջափակման և ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր տարբերակների մասին, քանի որ այս վիճակի շարունակությունը հղի է անդառնալի հետևանքներով։
Հ․ Գ․ Վարչապետի ամանորյա «ուղերձը» ոչ այլ ինչ էր, քան վիճակագրական թվանկարչությամբ համեմված աճպարարություն, ինչը նա արել է միշտ, նաև բուն «կառավարման» ժամանակ։ Վերջին նման գործընթացն իրականացրեց Արդարադատության նախարարի նշանակմամբ՝ ամիսներ շարունակ ձգելով, հասցնելով նոր տարվա թոհուբոհի ու Բերձորի միջանցքի արգելափակման, մարդկանց անհանգստության ժամանակ, որպեսզի շարունակի իր կնքահայր Միքայել Մինասյանի փոխհատուցումը, արդյունքում՝ վերջին ամիսներին, ի դեմս Կարեն Անդրեսյանի և Գրիգոր Մինասյանի, արդարադատության և դատական ամբողջ համակարգը հանձնվեց նրան։ Իրականում շարունակվում է իշխանության բաժանման սահուն գործընթացը փայատերերի միջև։
Հ․Գ․ Որևէ ժամանակ կառավարության շենքը չի ծառայել իշխանավորների, մասնավորապես՝ առաջին դեմքի ընտանիքի համար որպես զբոսավայր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее