168.am-ի փոխանցմամբ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով լուրերին, թե ինքը պարբերաբար հանդիպում է իշխանության ներկայացուցիչների հետ, ասել է. «Ինձ որևէ մեկը չի տեսել իշխանության ներկայացուցիչների հետ՝ որևէ համագործակցության ժամանակ: Չկա որևէ փաստ, որ ես փորձել եմ իշխանության հետ ռեսուրս գտնել: Ես խնդիր էլ չեմ դրել որևէ երկրում որևէ առումով ընդհանուր հայտարարի գալ իշխանության հետ: Մեր խնդիրը եղել է մեկը՝ այս երկրում ժողովրդի քվեով ձևավորել իշխանություն և այս ժողովուրդն ինքը պետք է տնօրինի իր ապագան»:
Լրագրողի դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները պարբերաբար Ձեր տուն են այցելում, նա այսպես է արձագանքել. «Իշխանության ներկայացուցիչները այցելում են եղբորս՝ Վազգեն Սարգսյանի տուն, որտեղ ապրում են իմ ծնողները: Նրանք Վազգենի հետ անցել են երկար ճանապարհ, և իրենց իրավունքն է, Վազգենի իրավունքն է՝ գալ Վազգենի տուն: Եվ որևէ մեկը իրավունք չունի նրանց այդ տնից դուրս վռնդելու: Ովքեր կգան՝ բարով գան»: