«Որքան երկար մնա Սերժ Սարգսյանը իշխանության գլուխ, այդքան արագ կազատագրվեն մեր հողերը»,- «Ռեգնում»ի փոխանցմամբ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գաղթականների նոր թաղամասին ծանոթանալիս:
Ադրբեջանի ղեկավարի խոսքերով Հայաստանի տնտեսությունը տապալված է, և ամեն տարի 80 հազար հայ ընդմիշտ լքում է Հայաստանը:Մինչդեռ Ադրբեջանի տնտեսությունն ու հզորությունը աճում է, Հայաստանը խոստովանում է, որ չի կարող ապահովել սեփական ուժերով և «վերջին իրադարձությունները»,-Ասել է Ադրբեջանի նախագահը, թերևս նկատի ունենալով Սերժ Սարգսյանի`Մաքսային միությանը միանալու մտադրությունը:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ օգոստոսի 18-ին, խոսելով Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին ասել էր.
«Որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ՝ մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:
Հայ վերլուծաբանները նույնպես անդրադարձել էին ՀՀ նախագահի վերոհիշյալ հայտարարությանը:
Հարութ Սասունյանն էլ մեկնաբանել էր, թե ինչու է Հայստանի համար Ալիևի վերընտրությունն առավել ընդունելի:
«- Նախագահ Ալիևը խոցելի ղեկավար է, որն ամբողջ աշխարհում դատապարտվում է որպես բռնակալ, կաշառակեր և մարդու իրավունքների կոպիտ խախտող:
- Ալիևը վատնել է իր երկրի նավթային հսկա եկամուտները՝ հարստացնելով իրեն, իր ընտանիքին և մտերիմներին:
- Նա միլիարդավոր դոլարներ է ծախսել զինամթերք գնելու համար, որը նրան չի օգնել նույնիսկ մի թիզ հող վերագրավել Արցախի տարածքից:
- Անճարակ Ալիևի վերընտրությունը վնասակար է Ադրբեջանին և օգտակար Հայաստանին: Եթե Ալիևը կորցնի նախագահի պաշտոնը, նրա փոխարինողը կարող է ավելի գործունյա ղեկավար լինել, որ կարող է իսկական վտանգ ներկայացնել Հայաստանին և Արցախին:
- Սարգսյանի կողմից Ալիևի նախընտրությունը նվազեցնում է նրա վստահելիությունը ադրբեջանական ժողովրդի աչքում, որը զարմանում է, թե ինչու է Հայաստանի ղեկավարը, որ ներկայացվում է որպես Ադրբեջանի թշնամի, սատարում իրենց նախագահին: Այս իրավիճակն Ադրբեջանի դավադրության տեսաբաններին պարարտ նյութ է ընձեռել: Քանի որ Ալիևի վերընտրությունը կանխորոշված է՝ հաշվի առնելով երկրի ավանդաբար կեղծիքներով լի ընտրահամակարգը, Սերժ Սարգսյանի կողմից Ալիևին նախապատվություն տալը չի կարող հանգեցնել նրա պարտությանը, սակայն, անշուշտ, կասկածանքի ստվեր կնետի նրա արդեն իսկ վարկաբեկված հեղինակության վրա:
Վերջապես, միջազգային հարաբերություններում կարևոր է ունենալ կանխատեսելի գործընկեր՝ լինի դա դաշնակից թե թշնամի»: