Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում:
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին հավանության արժանացրեց Կառավարության կողմից ներկայացված օրինագծին, համաձայն որի մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ այլևս կզրկվեն ամսեկան 18 հազար դրամ գործազրկության նպաստ ստանալուց:
Իսկ հաջորդ օրը այդ նույն Կառավարությունը ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացրեց մեկ այլ օրինագիծ, համաձայն որի պատրաստվում է մի քանի անգամ բարձրացնել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը:
Այսպես.
Սերժ Սարգսյանի աշխատավարձը կկազմի 1 միլիոն 320 հազար դրամ,
Տիգրան Սարգսյանի աշխատավարձը` 1 միլիոն 188 հազար դրամ,
Հովիկ Աբրահամյանի աշխատավարձը` 1 միլիոն 188 հազար դրամ,
Արթուր Բաղդասարյանի աշխատավարձը` 1 միլիոն 23 հազար դրամ,
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի աշխատավարձը` 1 միլիոն 56 հազար դրամ,
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի աշխատավարձը` 990 հազար դրամ,
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի աշխատավարձը` 990 հազար դրամ,
ՀՀ նախարարների աշխատավարձը` 792 հազար դրամ,
ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի աշխատավարձը` 792 հազար դրամ,
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի աշխատավարձը` 792 հազար դրամ,
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի աշխատավարձը` 792 հազար դրամ,
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի աշխատավարձը` 726 հազար դրամ,
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների աշխատավարձը՝ 660 հազար դրամ, (օրինակ Գալուստ Սահակյանի, Սամվել Ալեքսանյանի և ևս 129 պատգամավորների),
ՀՀ մարզպետների աշխատավարձը՝ 660 հազար դրամ, օրինակ Կովալենկո Շահգելձյանի և ևս 9 մարզպետներ,
Սերժ Սարգսյանի եղբոր և միևնույն ժամանակ նրա խորհրդական` հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի աշխատավարձը` 690 հազար դրամ:
Հարգելի հայրենակիցներ, ես թվարկեցի միայն որոշ անձանց աշխատավարձերի վերաբերյալ տվյալներ, բայց պետք է նշեմ, որ աշխատավարձի կտրուկ բարձրացման ցանկում ընդգրկված են Սերժ Սարգսյանի խմբակի գրեթե բոլոր մասնակիցները: Սերժ Սարգսյանի և նրա խմբակի մասնակիցների համար աշխատավարձերի բարձացման հետևանքով նախատեսված է պետական բյուջեից յուրաքանչյուր ամիս տրամադրել շուրջ 14 միլիոն դրամ, որը տարեկան կազմելու է շուրջ 164 միլիոն դրամ, այսինքն՝ շուրջ 400 հազար դոլար:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանում այսօր մեկ միլիոնից ավել մարդ աղքատ է: Այս համատարած աղքատության մեջ, փաստորեն, Սերժ Սարգսյանը այլևս առանց քողարկման շարունակում է հերթական խրախճանքը կազմակերպել իր խմբակի համար:
Սիրելի հայրենակիցներ, բոլորիս մտքում առկա է շուրջ 100 տարի առաջ Ռաֆայել Պատկանյանի կողմից հնչեցրած հարցերը, ինչպես նաև նրա կողմից տրված պատասխանները`
իսկ ո՞վ պետք է ազատի Հայաստանը օտարների ձեռքից - ինքը` ՀԱՅ ԱԶԳԸ, պիտի ազատի Հայաստանը օտարների ձեռքից,
ի՞նչ հնարքներով - Հնարքները զանազան են, նայած հանգամանքներին – երբեմն սեփական զենքով, երբեմն փողով, երբեմն էլ օտարի օգնութեամբ:
մի՞թե կարող է Հայաստանը երբևիցե հայերի սեփականությունը դառնալ - Այո, կարո՛ղ է. անշուշտ կդառնա նա հայերի սեփականությունը, եթե բոլոր հայերս` այր ու կին, հարուստ ու աղքատ, տարեց ու պատանի այնպես բաղձանք ու ձգտենք Հայաստանի ազատությունը, ինչպես քաղցածն է ձգտում հացին ու ծարավածը` ջրին»: