▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսկանյանը կհեռանա՞ ԲՀԿ-ից

Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ոչ իշխանական ուժերի ամենահիմնական, ամենահնչեղ խոստումը հետընտրական միավորման մասին խոստումն էր: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «Հատկապես Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, վերջին օրերին՝ նաեւ ԲՀԿ-ն, այնպես էին խոսում հետընտրական միավորման մասին, որ դա ներկայացվում էր՝ որպես երկրի փրկության միակ ճանապարհ: Հաշվի առնելով այդ խոստումների «գլոբալությունը», պետք է ենթադրել, որ հետընտրական միավորման մասին բարձրաձայնող ու դրա ձեւաչափը չկոնկրետացնող ուժերը նկատի չունեին միավորումը Երեւանի ավագանու կազմում:

Խոսքը, բնականաբար, վերաբերում էր քաղաքական մեծ կոնսոլիդացիային, որը, լայն իմաստով, կարող էր կայանալ միայն փողոցում, այսինքն՝ դառնալ հակաիշխանական կոալիցիա: Ընտրություններն արդեն ավարտվել են, եւ որքան բարձր էին ընդամենը երկու օր առաջ հետընտրական միավորման մասին խոսում նշված ուժերը, նույնքան լուռ են ընտրություններից հետո: Չնայած, եթե անգամ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն շարունակեն միավորման մասին իրենց կոչերը, դա ոչինչ չի փոխի: Ամեն ինչ կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը Գագիկ Ծառուկյանն է:

Այսինքն՝ եթե ԲՀԿ-ն այնքան ինքնուրույնություն ու վճռականություն ունենա, որ չճանաչի մայիսի 5-ի ընտրությունների արդյունքները եւ ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ դուրս գա փողոց, ապա իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Եթե դրան միանա նաեւ «Ժառանգությունը», ապա իշխանության վիճակը, մեղմ ասած, աննախանձելի կդառնա: Քաղաքականության մեջ, իհարկե, «եթե»-ներով հաշվարկներ չեն անում: Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ հատկապես ԲՀԿ-ի հետ կապված «եթե»-ները հնարավորություն են տալիս կանխատեսել վերջինիս վարքը: Ավելի պարզ ասած, եթե ինչ-որ բան կախված է ԲՀԿ-ից, ապա, ինչպես դա անելը, այնպես էլ չանելը շատ որոշակի գին ունի: Փողոց դուրս գալու դեպքում ԲՀԿ-ն կդառնա ոչ իշխանական բեւեռի առանցքը՝ հնարավոր իշխանափոխության դեպքում դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Բայց այս տարբերակը ԲՀԿ-ի համար ավելի շատ վտանգներ, քան սպասելիքներ է պարունակում: Նախ՝ անմիջապես ԲՀԿ-ից կհեռանա նրա հիմնական հենարանը հանդիսացող գործարար թեւը, չհեռացողներին էլ իշխանությունը կստիպի հեռանալ: Ընդ որում, բացառված չէ, որ հեռացողների թվում լինի անգամ Գագիկ Ծառուկյանը՝ հրապարակում թողնելով ԲՀԿ-ի, այսպես կոչված, քաղաքական թեւին: Մնալով այդ թեւի հետ՝ Ծառուկյանը պետք է պատրաստ լինի կորցնել ամեն ինչ, ինչպես ժամանակին հաճախ էր սիրում կրկնել: Բայց իրադարձությունները, հատկապես՝ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցությունը, ցույց տվեցին, որ իրականում Ծառուկյանի համար շատ ավելի գերադասելի է բիզնես կայունությունը, քան քաղաքական անորոշ հեռանկարը:
Մյուս տարբերակը, որն առավել քան հավանական է, ԲՀԿ-ի կողմից ընտրությունների արդյունքներն ընդունելն է, ինչը նշանակում է նաեւ՝ իշխանության հետ խաղաղ գոյակցելու հնարավորություն: Այսինքն՝ ԲՀԿ-ն, որ ընդհուպ մինչեւ ընտրությունների օրը հայտարարում էր ոչ իշխանական ուժերի հետ հաջողված համագործակցության մասին, հիմա ամենաշահագրգիռն է, որ այդ համագործակցությունը չկայանա: Ինչպես, ի դեպ, դա արեց Երեւանի ավագանու ընտրություններում միասնաբար բանակցելու քննարկումների ժամանակ՝ ուղղակիորեն հայտարարելով, որ դա կարող է տեղի ունենալ միայն ԲՀԿ-ի առանցքի շուրջ:

Ակնհայտ է, որ իշխանությունը եւս շահագրգիռ է այս՝ երկրորդ տարբերակով, հետեւաբար, ըստ ամենայնի, պատրաստ է նաեւ «վճարել» դրա համար: Վճարը, բնականաբար, կարող է արտահայտվել նոր կառավարությունում ԲՀԿ-ին պորտֆելներ տալու ձեւով: Բացառված չէ, որ դա տեղի ունենա ոչ թե վաղը ձեւավորվելիք կառավարությունում, այլ, ասենք, սեպտեմբերին: Մինչ այդ ԲՀԿ-ն ժամանակ կունենա «հավասարակշռելու» իր հռետորաբանությունը, որը նախընտրական վերջին օրերին մոտենում էր ընդհուպ ընդդիմադիր հռետորաբանությանը: Բացի դա, այդ ժամանակահատվածում ԲՀԿ-ում նաեւ «ներքին ջրերը կպարզվեն»:

Սեպտեմբերը խորհրդանշական է այն իմաստով, որ ԲՀԿ քաղաքական թեւի առաջամարտիկ Վարդան Օսկանյանը հենց սեպտեմբերին էր առաջարկում դառնալ ընդդիմադիր: Հիմա նրան եւ այդ տեսակետի կողմնակիցներին հնարավորություն կտրվի ընտրել՝ մնալ ԲՀԿ-ում այլընտրանքի կամ կոալիցիոն ուժի ներկայացուցչի կարգավիճակով, կամ սլանալ դեպի ընդդիմադիր հորիզոններ...»,- գրում է «168 ժամը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее