«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում ենթադրյալ հանցագործներն իրենց հանցավոր գործողությունները իրականացնում են ԱԱԾ-ի կամ ոստիկանության կեղծ համազգեստներով:
Խոսենք փաստերով
Այս տարվա ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ Փարաքար համայնքում մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան:
Հանցագործները ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով են եղել եւ դիմակավորված. դուրս գալով ավտոմեքենայից՝ նրանք ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ ու ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից: Այնուհետեւ, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով՝ վերոնշյալ երեք անձանց ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293 մլն ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները՝ փախել:
2024 թ. սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության՝ դեռեւս ինքնությունները չպարզված չորս մասնակից BMW մակնիշի կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հետապնդել են ամերիկահայ բիզնեսմենի կնոջը։ Ժամը 12:00-ի սահմաններում նրանցից երկուսը, ՀՀ «ԱԱԾ» գրառմամբ հագուստներով եւ դիմակավորված, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ մոտեցել են Երեւան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանում իր հարազատների հետ գտնվող կնոջը, եւ ԱԱԾ տեղափոխելու կեղծ պատրվակով, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ ստիպողաբար նստեցրել են հիշյալ մեքենան ու տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն:
2024 թվականի հունիսի 11-ին սպանվեց քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «ֆազը», որին սպանողների մեքենայի տարածքում հայտնաբերվել էր ոստիկանության զրահաբաճկոն:
Այս իրավիճակը թերեւս վտանգավոր է այն տեսանկյունից, որ հանցագործները ուժային կառույցների համազգեստների «անվան տակ» լուրջ հանցագործությունների են դիմում, ու քաղաքացիները վստահ լինելով, թե իրավապահներ են, ենթարկվում են նրանց պահանջներին:
Իրավիճակը պետք է մտահոգի իրավապահ մարմիններին. մեղսագործները նրանց համազգեստի միջոցով լուրջ հանցագործություններ են նախապատրաստում, իրականացնում, իսկ ուժայինները չեն կարողանում նախապես կանխել դրանք»: