Ինչպես գրում է shamshyan.com կայքը, քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գյումրիից հայտնեց, որ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի ծառայողների հետ Ոստիկանության Գյումրիի բաժին բերման ենթարկեցին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա տղային և ևս 7 հոգու:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին էլ և՛ Գյումրիում, և՛ հանրապետության ճանապարհներին ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գագիկ Շամշյանը, կրակոցներ էին հնչել Գյումրի քաղաքում:
Ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց էին տեղափոխվել Գյումրիում հայտնի, Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը և Քավոր Հարութը:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ ըստ տեղեկությունների, Քավոր Հարութը Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է և ըստ տեղեկությունների, կրակոցներն արձակվել էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից:
Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզային վարչության ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները՝ մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի, Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի և Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը Գյումրիից հայտնել էր, որ Գյումրի են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները՝ նույն վարչության ծառայողների հետ:
Գյումրիում ուժեղացված ծառայություն էին կատարում մեծ թվով ոստիկաններ՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների հետ:
Հաշվի առնելով դեպքի վտանգավորությունն ու հնչեղությունը՝ դեպքի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ տեղեկությունների, հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրօրի 34 և 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:
Գ. Շամշյանը հայտնեց նաև, որ հրազենային վնասվածքներ ստացած Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը մահացել էր: Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև Mercedes S 500 մակինիշի 35 DV 555 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կային նաև արյան հետքեր, իսկ 4 հարկանի շենքերից մեկի մուտքում նույնպես հայտնաբերվել էին արյան հետքեր:
Ոստիկանությունը բերման ենթարկեց Վարդան Ղուկասյանին, նրա տղային և ևս 7 հոգու
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet