▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան, հայտնում է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»,-նշել է Ղահրամանյանը։

***

Սահմանադրական դատարանը հայտնում է․ «2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշումը:
Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:
Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Սույն դիմումի կարգավիճակի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությանը կարող եք հետևել ՍԴ պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական հարթակի ՍԴ պաշտոնական էջում»:

***

Հավելենք, որ «Միասնության թևեր»-ն էլ հայտնում է․ «Միասնության թևեր» կուսակցությունն այսօր՝ ժամը 15:30-ին, Սահմանադրական դատարան դիմում կներկայացնի՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее