Գրող, լրագրող Սերգեյ Գալոյանը, ով իր գործունեության ընթացքում շատ գրքեր է տպագրել և ում ուսումասիրություններից ու գրվածքներից շատերը նվիրված են հիմնականում քրեական աշխարհին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Գորիսում կատարված դեպքերին` ասել է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին չի ճանաչում և վերջնական բան ասելու բարոյական իրավունք չունի, սակայն իր հասկանալով գնացել են խմելու, վիճել են, ինչ-որ մեկը Ս. Խաչատրյանից հաշիվ է պահանջել, որից հետո նա հեռացել է.
«Հետո Ս. Խաչատրյանը քնել է, փառք Աստծո, որ քնած է եղել, թե չէ երեքի տեղը քսան կրակոց կլիներ, նրա քնած ժամանակ մարդ է սպանվել, հենց իր տան բակում և նա չի արթնացել: Սա նույնիսկ գողական աշխարհի ռազբորկա չի, որովհետև նրանք կիսելու մեծ բաներ չունեն»,-նշել է Սերգեյ Գալոյանը` հավելելով.
«Նորմալ երկրում, նորմալ մարդը կհայտարարեր, որ հրաժարական եմ տալիս, քանի որ իմ առանձնատան բակում կրակոցներ են եղել, մարդ է սպանվել: Բայց ոչ: Նա հայտարարեց, որ որոշել է թողնել մարզպետի իր լիազորությունները մինչև նախաքննության ավարտը: Սա լկտիության ամենավերջին աստիճանն է: Մարդ կարող է լինել լկտի' բայց այս աստիճանի՞»:
Ինչ վերաբերում է Ս. Խաչատրյանի այն հայտարարությունը, թե իբր քնած է եղել, գրողը հարցադրում արեց. «Ո՞ւմ եք դրել բանջարաբոստանային կուլտուրայի տեղ»: