A1plus.am-ի հետ զրույցում հոկտեմբերի 27-ի նախօրեին, ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ 1999-ի հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր այն մարդկանց, ովքեր լուսանցքից դուրս էին մնում, ինչպես նաեւ արտաքին ուժերին Իսկ թե ինչո՞ւ չբացահայտվեց Հոկտեմբերի 27-ն` ըստ Անահիտ Բախշյանի՝ որովհետեւ Հանրապետական կուսակցությունը տեր չկանգնեց այդ գործընթացին և « հակառակը` ստացավ պաշտոններ»:
Իսկ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն էլ lurer.com-ի հետ զրույցում ասել է. «Թե ում էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը, հասարակությունն արդեն իր գնահատականը տվել է: Բոլոր նրանց, ովքեր Վազգենից հետո հագուրդ տվեցին իրենց նյութապաշտական մարդկային ամիբիցիոզ հակումներին: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, ես անուններ տալուց չեմ վախենում, բայց մարդուն սպանության մեջ մեղադրելը նույն չափ մեղք է, ինչքան սպանություն կատարելը: Դա պետք է ապացուցի դատարանը»: