Արդյոք այս բյուջեն համարժե՞ք է այն իրականությանը, որում այսօր ապրում է Հայաստանը և արդյո՞ք այն արդյունք կտա այն համակարգում, ինչն այսօր կա Հայաստանում` ԱԺ-ում անդրադառնալով 2014թ.-ի բյուջեի նախագծին`ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը` շեշտելով, որ գաղջ մթնոլորտում ենք ապրում:
«Մենք թունավորված օդ ենք շնչում և արտաշնչում ենք չարություն, արտաշնչում ենք արտագաղթ, անտարբերություն, երբեմն արտաշնչում ենք ինքնասպանություն»,-ելույթի ժամանակ նշեց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ ամեն ինչում մեղավորը մենք ենք և պատճառը, իր գնահատմամբ իշխանություն ձևավորելու, իշխանության իրավահաջորդ օպերացիան իրականացնելու պատճառով է.
«Ունեցել ենք երեք նախագահ, մեկ մարմին էին, ընկերներ, նույն գաղափարի մարդիկ: Նրանց այսօրվա միջանձնային հարաբերություններն ուղիղ համեմատական են գաղջ մթնոլորտին, որն այսօր կա հասարակության մեջ»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ երբ ստացան իշխանություն, ամեն լավ գործ հօդս ցնդեց:
«Կլինի նոր նախագահ, որը թշնամի կդառնա մյուս երեքին և կրկին գաղջ մթնոլորտ»,-հավելեց Ռուբեն Հակոբյանը: