Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույց է ներկայացված vazgenmanukyan.am կայքում.
-Պարոն Մանուկյան, այսօր ձեր նախկին համախոհները, մասնավորապես «Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, համոզված են, որ 1991-ին կոմիտեն կատարեց ստրատեգիական կոպտագույն սխալ՝ ընդունելով արեւմտյան քաղաքակրթական մոդելը, իսկ պատճառը առկա շփոթն էր. «մենք արեւմտյան քաղաքակրթությունը շփոթեցինք եվրոպականի հետ, մինչդեռ արեւմտյանն իր էությամբ հակաեվրոպական է»: Որպես ՀՀՇ գաղափարախոսության հայրը, դուք այս կարծիքին համամի՞տ եք:
-Այդ ժամանակ աշխարհում իրողությունն այսպիսին էր. գոյություն ուներ 2,5 մոդել, այսինքն՝ մեկը կոմունիստականն էր, որ քանդվեց անարդյունավետ լինելու պատճառով, մյուսը՝ լիբերալ, որը հաստատված է կապիտալիստական երկրներում: Իսկ մնացած կեսի մեջ մտնում էին կա՛մ նացիոնալիզմի, կա՛մ ինչ-որ մի այլ բանի վրա կառուցված բռնապետությունները: Այլ արդյունավետ մոդել չկար, եւ որպես այդպիսին մնում էր արեւմտյանը: Ուրեմն այնպես չէր, որ կային բազմաթիվ մոդելներ, ու մենք ընտրեցինք ոչ ճիշտը:Մանուչարյանի հետ համաձայն եմ այն հարցում, որ արեւմտյանն իր էությամբ այսօր հակաեվրոպական է, որովհետեւ Եվրամիությունը գնաց հեշտացված ազատությունների ճանապարհով: Եվ մեզ էլ, երբ փորձեցինք եվրաինտեգրվել, պարտադրեցին օրենքներ, որոնք, կարծում եմ, մեզ հարիր չեն:Բայց այստեղ կա մեկ այլ կարեւոր հանգամանք, որը ոմանց, գուցե նաեւ Ա. Մանուչարյանին ու մյուսներին հայտնի չի եղել, սակայն դեռ 89-ից ինձ համար պարզ էր, որ այդ հարցի շուրջ, այն է՝ ինչպե՞ս Հայաստանում օգտագործել արեւմտյան մոդելը, փնտրտուք է սկսվելու: Եվ 1989-ին իմ հարցազրույցներից մեկում ես խոսում եմ այդ մասին, թե ինչո՞վ պետք է Հայաստանի ժողովրդավարությունը տարբերվի այլ երկրների ժողովրդավարությունից: Օրինակ, Ճապոնիան ժողովրդավարության կողքին կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծը, որոշ ավանդույթներ: Եվ ես, կրկնում եմ, դեռ այն ժամանակ գիտեի, որ վեճը սրա շուրջ է լինելու՝ ինչպե՞ս գտնել մեր սեփական դեմքը: Կարծում եմ, այսօր էլ վեճ կա. ասվում է, եթե մենք դառնայինք Եվրամիության ասոցացված անդամ, ապա կընդունեինք արեւմտյան արժեքներ, իսկ եթե Ռուսաստանի հետ մտնում ենք Մաքսային միություն, ապա կարող ենք կարեւոր արժեքներ կորցնել:Ես սրան համաձայն չեմ, որովհետեւ Ռուսաստանը եւս հայտարարել է, որ ձգտում է եվրոպական համակարգի հաստատման, սակայն ազգային դեմքը պահպանելով: Մենք էլ ենք ասում նույնը: Հիշեցնեմ, որ 1990թ. ՀՀՇ-ից դուրս գալով, երբ կազմավորեցինք մեր կուսակցությունը՝ Ազգային ժողովրդավարական միությունը, անվանումը պատահական չընտրվեց: Այսինքն՝ մենք ընդունելով ժողովրդավարությունը՝ միաժամանակ ազգայինի պահպանման կողմնակիցներ էինք:
-Իսկապես մեզանում այսօր լրջորեն խաթարված են ազգային, քրիստոնեական, ավանդական արժեքները: Չե՞ք կարծում, որ կորցրածը վերագտնելու «դեղատոմս» կարող է լինել հրաժարումը լիբերալիզմից ու անցումը պահպանողականության, ինչն ինքնին ներառում է այդ արժեքային համակարգը:
-Լիբերալիզմն ու պահպանողականությունը ուղղակի գեղեցիկ տերմիններ են, բայց ի՞նչ է թաքնված դրանց տակ: Դրանցում ե՛ւ լավը կա, ե՛ւ վատը: Լիբերալիզմ նշանակում է՝ մարդու ազատություն։ Ի՞նչ անենք, հրաժարվե՞նք այդ գաղափարից, իհարկե՝ ոչ։ Բայց այդ նույն լիբերալիզմը նաեւ ժխտում է ազգերի գոյությունը։ Ընդունե՞նք այն, դարձյալ իհարկե՝ ո՛չ:Կամ ընդունել պահպանողականություն նշանակում է, որ կանայք գլխաշորո՞վ են ման գալու, իհարկե՝ ոչ, բայց այդ գաղափարախոսությունը նաեւ կարեւորում է ազգայինն ու ավանդականը:Ուրեմն բանավեճը ոչ թե պետք է ծավալել լիբերալի՞զմ, թե՞ պահպանողականություն հարցադրման շուրջ, այլ՝ ի՞նչ անել, որպեսզի պահպանվի այս երկուսի համաչափությունը, երկուսից էլ պետք է վերցնել օգտակարը: Եվ հենց սա՛ էլ պետք է դառնա բանավեճի առարկան: Իսկ թե ինչպե՞ս որոշել՝ ո՞րը պահել, ո՞րը՝ ոչ, այստեղ կարեւոր դեր ունեն կատարելու կուսակցությունները:
-Նման բանավեճն արդյունավետ կարող է ծավալվել միայն կայացած քաղաքական դաշտում: Իսկ այսօր ինչպիսի՞ն է այն մեզանում, առհասարակ քաղաքական ուժերը համարժե՞ք են հակազդում մեր դեմ ուղղված մարտահրավերներին, նաեւ արձագանքում ներքին իրողություններին:
-Անկախացման հետ միասին՝ 1990-91-ին, Հայաստանում սկսեցին ձեւավորվել նոր կուսակցություններ, հայրենիք վերադարձան ավանդական կուսակցությունները, որոնք գաղափարական հենք ունեին: Այն ժամանակվա խոշոր կուսակցություններն էին ՀՀՇ-ն, Կոմկուսը, ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, թվում էր, որ հենց նրանք էլ պետք է կամաց-կամաց զարգանան: Բայց Հայաստանի մեծագույն չարիքը կանգնեց կուսակցությունների առաջ ու խաթարեց նրանց զարգացման ընթացքը. 95-96 թթ. պարզվեց, որ ընտրությունների միջոցով մեզանում ո՛չ նախագահ է ընտրվում, ո՛չ էլ Ազգային ժողով ձեւավորվում: Սա հանգեցրեց հետեւյալ համոզմանը՝ ոչինչ կախված չէ գաղափարներից ու կուսակցություններից, ու ընտրապայքարը տեղափոխվեց մեկ այլ դաշտ: Սա էլ պատճառ դարձավ, որ շատ-շատերը հեռանան քաղաքական դաշտից: Գիտեք, մարդը սիրելով գիտությամբ զբաղվելը՝ նաեւ մտածում է դոկտորական պաշտպանելու, Նոբելյան մրցանակի արժանանալու մասին, զինվորականը եւս ծառայելով հայրենիքին՝ ուզում է հրամանատար դառնալ, հետո գեներալ, քաղաքականությամբ զբաղվողն էլ ուզում է երկրի համար աշխատելով դառնալ պատգամավոր, քաղաքապետ, վարչապետ: Բայց ներուժ ունեցող մարդիկ համոզվում են, որ այստեղ իրենց գիտելիքներն ու կարողությունները դեր չունեն, որովհետեւ ինչ-որ մեկը կարող է փողոցից գալ ու հայտնվել գագաթին: Սա էր պատճառը, որ մտավոր կարողություն ունեցողները հեռացան քաղաքականությունից, մենք զրկվեցինք արժեքավոր, գիտակ անձանցից: Ուրեմն այն, որ այսօր ունենք փտած քաղաքական դաշտ, պատճառը ոչ ընտրություններն են: Չնայած որքան էլ այսօրվա ընտրությունները նախորդից ավելի լավ են, բայց մենք ժամանակին կորցրինք այն կախարդական բանալիներից մեկը, որը բացում էր Հայաստանի ապագայի դուռը. դա արդար ընտրությունների անցկացման հնարավորությունն էր: Իսկ կուսակցական դաշտն այսօր այսպիսին է. ՀՀԿ-ն ստեղծման առաջին փուլում փոքր կուսակցություն էր, ու Վազգեն Սարգսյանն այն արհեստականորեն մեծացրեց: Եվ միայն վերջին տարիներին ՀՀԿ-ն կամաց-կամաց վերաճեց կուսակցության: ՀՅԴ-ն կատարեց սխալ քայլեր՝ մե՛կ իշխանություն, մե՛կ ընդդիմություն լինելով, բայց քանի որ Սփյուռքում ունի կառույցներ, ունի նաեւ մեծ ավանդույթներ, այն եւս կուսակցություն պետք է համարել: Մնացածի մեջ ես լուրջ կուսակցություն չեմ տեսնում: Այսպիսով, մենք իրականում ունենք երկու կուսակցություն՝ մեկը իշխանական է, մյուսը ընդդիմության մեջ է, բայց իրենք երկուսով կարող են մարդկանց սպասումների մի փոքր մասը միայն բավարարել: Եվ այս առումով, քաղաքական դաշտում այսօր վակուում կա: Բայց անգամ այս իրավիճակում, եթե ինչ-որ կախարդանքով մարդիկ ներքին համոզմունք ունենան, որ հաջորդ ընտրությունները կլինեն արդար, հենց այս պահից կսկսեն կազմավորվել այլ լուրջ կուսակցություններ եւս: Սակայն մարդկանց վստահությունն է կորել:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում