Ուսանողները շարունակում են բողոքել ուսման վարձավճարներից: Այսօր` ԿԳ նախարարության մոտ, մի խումբ ուսանողներ և նրանց ծնողները պահանջում էին տեսակցություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Արմեն Աշոտյանը նրանց ընդունեց նախարարությունում, սակայն ուսանողները, բարձրանալով և հանդիպելով նախարարին` պահանջեցին իջնել դուրս և այնտեղ խոսել` նշելով, որ ուսանողները սպասում են դրասում:
Նախարարը մերժեց այդ պահանջը` ասելով.«Պատրաստ եմ ընդունել նրանց, ովքեր մտահոգված են: Հիմա խնդիրը ո՞րն է, արդյո՞ք կապ ունի վայրը, որտեղ պետք է քննարկվի խնդիրը: Ունե՞ք կոնկրետ առաջարկություններ, հիմա արեք»:
Ուսանողները հեռացան ընդունելության սենյակից, իսկ ԿԳ նախարարը, խոսելով լրագրողների հետ, ասաց, որ Հայաստանի տասնյակ ԲՈՒՀ-երից ուսման վարձերը բարձրացրել են 5-ը:
«Ուսանողների թիվը նվազում է, աշխատողների թիվը մեծ է, ԲՈՒՀ-ում ֆինանսական խնդիրներ են առաջանում: Իսկ ինչ վերաբերում է ուսման վարձերի բարձրացմանը, ապա այդ որոշումը ԲՈՒՀ-ն է կայացրել»,-ասաց նախարարը` նշելով, որ պետք է թափանցիկ դառնա ԲՈՒՀ-երի բյուջեն, ոչ մի լավ ուսանող չպետք է դուրս մնա համալսարանից և, իհարկե, պետք է սահմանափակվի ԲՈՒՀ-ի անկախությունը:
Արմեն Աշոտյանը փաստեց, որ կմշակվի և կներկայացվի օրինագիծ, համաձայն որի ԲՈՒՀ-երը կկարողանան ուսման վարձերը թանկացնել, եթե անցել են միջազգային հավատարմագումը:
Անի Կարապետյան