Asekose.am-ը Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ որոշել է յուրօրինակ անդրադարձ կատարել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տիկին Հակոբյանն իր կեցվածքով, ինքնատիպ հագուկապով առանձնանում է քաղաքականության մեջ գտնվող կանանցից և միաժամանակ գրավում է հասարակության լայն զանգվածների ուշադրությունը և հետաքրքրությունը, ուստի մտադիր ենք լուսաբանել տիկին նախարարի ոճային կերպարը: Այս հարցով օգնության դիմեցինք «LILIT» նորաձևության տան տնօրեն, նկարիչ–մոդելավորող Լիլիթ Մարգարյանին: Նա լուսանկարների միջոցով քննության առավ Հրանուշ Հակոբյանի ոճը :
Վերջում կծանոթանաք նաև Հրանուշ Հակոբյանի կարծիքին մոդելավորողի հնչեցրած մեկնաբանությունների վերաբերյալ:
Լիլիթ Մարգարյան. «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հրանուշ Հակոբյանն իր խառնվածքով և կերտած իմիջով հենց Մարգարետ Թետչերին է նման»:
- Լիլի՛թ, նախ կխնդրենք հայտնել Ձեր մասնագիտական կարծիքը Հրանուշ Հակոբյանի՝ որպես քաղաքականության մեջ գտնվող կնոջ կերտած կերպարի մասին:
- Ինչ-որ առումով ինձ համար հեշտ կլինի խոսել այս ամենի մասին, քանի որ բախտ է վիճակվել աշխատել տիկին Հրանուշի հետ: Այնուամենայնիվ, կասեմ, որ Հրանուշ Հակոբյանը, երկար տարիներ լինելով քաղաքական դաշտում, կարողացել է կերտել իր ուրույն ոճը և իբրև քաղաքականության մեջ գտնվող կին՝ հավատարիմ մնալ իր դասական, զուսպ և կոկիկ ոճին, իսկ այլ ոճով նա չէր էլ կարող հանդես գալ՝ ելնելով իր զբաղեցրած պաշտոններից և այն հանգամանքից, որ մարդկանց աչքն արդեն նրան այդ կերպարով է սովոր տեսնել:
- Ուսումնասիրելով լուսանկարները` ի՞նչ եզրահանգման եք գալիս :
- Ակնառու է, որ ճոխ, բազմատեսակ և բազմագույն է Հրանուշ Հակոբյանի զգեստապահարանը, այնտեղ գերիշխում են վառ գույները, նրբաճաշակությունը, գունային ներդաշնակ համադրությունը ևս ճիշտ է ընտրված, ինչը միշտ հաջողվում է պահպանել: Ինչքան որ հետևել եմ նրա հագուկապին, հասկացել եմ, որ շատ հետևողական է իր իմիջին, պահապանողական է նաև. չի դավաճանում անգամ հագուստի ընտրության հարցում: Իսկ դա գովելի փաստ է:
- Իսկ որքա՞ն է հետևում նորաձևության միտումներին:
- Գիտեք, ես այն կարծիքին եմ, որ նման բազմազբաղ կնոջը մի փոքր դժվար կլինի միշտ հետևել նորաձևության անցուդարձին, ժամանակ գտնել հաճախելու նորաձևության տներ և այլն: Դա խոսում է այն մասին, որ աշխատանքն առավել վեր է դասում, քան մյուս հարցերը: Սակայն, այդուհանդերձ, նկատել եմ, որ նա նորաձևության թելադրանքներին միշտ համահունչ է քայլում:
- Ձեր դիտարկմամբ, ո՞ր գույներն են առավել շատ նախընտրելի տիկին նախարարին, և ի՞նչ կասեիք սանրվածքի ընտրության հարցում:
- Քանի որ նա թուխ է, ուստի կարծում եմ առավել շատ նախընտրելի են վառ երանգները, օրինակ՝ երկնագույնը, կարմիրը, սպիտակը: Մեկ անգամ տիկին Հրանուշին տեսել եմ երկնագույն հագուստով և շատ եմ հավանել: Կարմիրը նույնպես հաճախ է կրում: Ճիշտ է, այն կարող է մի փոքր համարձակ թվալ, բայց սազում է նրան: Սանրվածքի հարցում շատ ասելիք չունեմ, քանի որ քիչ է փոփոխություններ կատարում, կամ գրեթե փոփոխություններ չեն լինում: Ընտրել է սանրվածքի դասական ստանդարտ ոճը, որը ներդաշնակ է հագուկապին:
- Իսկ ի՞նչ շտկումներ կամ փոփոխություններ կկատարեք իմիջում:
- Որևէ փոփոխություն կամ լրացում կդժվարանամ անել, քանի որ ամեն ինչ գրագետ է ընտրված: Որպես մոդելավորող` խորհուրդ կտամ, որ նա միշտ նույն ոճով հանդես գա և հագուստների հետ շարունակի կրել այդ գեղեցիկ, օրգինալ բրոշները, շարֆերը և ընտրված նուրբ զարդերը, քանի որ նման աքսեսուարների կիրառումն ավելի ընդգրկուն և ակնահաճո են դարձնում Հրանուշ Հակոբյանի ոճային կերպարը: Նշեմ, որ շնորհիվ արտաքին տվյալների, հատկապես բարձրահասակ լինելուն՝ կրած բոլոր հագուստները միանգամից աչքի են զարնում, և նա, ուզած, թե չուզած, հայտնվում է ուշադրության կենտրոնում:
- Ասացիք՝ համագործակցել եք Հրանուշ Հակոբյանի հետ: Պատմե՛ք Ձեր համագործակցության մասին:
- Այո՛, կարճատև համագործակցություն է եղել, բայց մինչև այժմ տպավորված եմ: Տիկին Հրանուշի կոստյումի և շարֆի համար հայկական մանրանկարչության տարրերով նախշազարդեր եմ պատրաստել, որոնք հեղինակային գործեր են և շատ գեղեցիկ են դիտվում: Ինչպես նաև հայրենիքը խորհրդանշող պատկերներով կաշվե բրոշներ եմ պատրաստել, որոնք արտացոլում են հայկական գերբը, դրոշը և Մասիս սարը: Ինձ համար տպավորիչն այն է, որ նման հագուստներ և այլ աքսեսուարներ կրելու միջոցով է անգամ փորձում հայրենիքի հանդեպ սերն արտահայտել և մյուսներին վարակել հայրենիքի սիրով: Այս ամենից հետո` օրեր անց, աշխատավայր մի գեղեցիկ ծաղկեփունջ բերեցին, սկզբում մտածեցի` հարազատներիցս մեկն ուղարկած կլինի: Սակայն պարզեցի, որ այն տիկին Հրանուշի կողմից էր առաքված ինձ՝ ի նշան շնորհակալության և երախտիքի: Շատ շոյված և հուզված էի նրա վերաբերմունքից, որ կատարածս աշխատանքն աննկատ չէր մնացել բազմազբաղ նախարարի կողմից: Շփվելով նրա հետ՝ հասկացա, որ, այսպես ասած, խստապահանջ կնոջ կերպարի տակ թաքնված է անսահման բարի, մարդասեր, հումորով լի անձնավորություն:
- Եվ որպես վերջաբան` չէի՞ք ասի, թե ում կերպարին կնմանեցնեք Հրանուշ Հակոբյանին:
- Այս պահին Մարգարետ Թետչերին հիշեցի: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նա իր խառնվածքով, կերտած իմիջով հենց Մարգարետ Թետչերին է նման:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տեսակետը մոդելավորողի հնչեցրած մեկնաբանությունների վերաբերյալ և անդրադարձը կանանց նվիրված մեկամսյակին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ծանոթանալով մոդելավորողի մեկնաբանություններին, զարմացավ և հիացավ Լիլիթի մասնագիտական որակներով: Տիկին նախարարին զարմանք էր պատճառել, թե ինչպես էր Լիլիթին հաջողվել այդքան ճիշտ և դիպուկ նկարագրել իր բնավորությունը և ոճը:
«Կարծես թե ավելացնելու ոչինչ չունեմ. Լիլիթը մասնագիտական հստակ պարզաբանումներ է տվել, և ես լիովին կիսում են նրա կարծիքը,- ասաց Հրանուշ Հակոբյանը և հավելեց,- Լիլիթի աշխատանքներին վաղուց եմ ծանոթ, հավանությանս միշտ արժանացել է, ինձ հատկապես գրավել էր հայկական մանրանկարչության տարրերով նախշազարդերի կիրառման հմտությունը, այդ իսկ պատճառով դիմել էի նրան, որպեսզի իմ հագուստների վրա հայկական նախշեր, գծեր լինեն: Հիմա այդ հագուստները մեծ հաճույքով եմ կրում, մանավանդ սփյուռքի հետ հանդիպումներում, կարծես ազգային ոճ և ձև է տալիս»:
Հրանուշ Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ ինքն է զբաղվում իր հագուկապով, ոճաբան որպես այդպիսին չունի, սակայն առիթի դեպքում երբեմն դիմում է դերձակի օգնությանը, իսկ հագուստները հիմնականում արտասահման կատարած գործուղումների ընթացքում է ձեռք բերում, որոնք ամենևին էլ բրենդային չեն, քանի որ ուշադրություն չի դարձնում բրենդին, կարևորը, ինչպես նա է նշում, հարմարավետ և իրեն հոգեհարազատ ոճով լինի: Լինում են դեպքեր, երբ հարազատների խորհրդին է ապավինում. «Շատ հաճախ կրտսեր քույրս և քրոջս աղջիկներն են զբաղվում այս հարցերով, սակայն ոչ հաճախ եմ կիրառում նրանց խորհուրդները, քանի որ էությամբ պահպանողական եմ, իսկ աղջիկները ոճիս մեջ փորձում են առավել մոդայիկ տարրեր ավելացնել»,- ժպիտով ասում է տիկին Հակոբյանը: Նա մեզ տեղեկացրեց նաև, որ ուսանող տարիներին հենց ինքն է կարուձևել իր զգեստները:
Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաև կանանց տոնին նվիրված մեկամսյակին և ասաց, թե՛ մարտի 8-ը, թե՛ ապրիլի 7-ը գեղեցիկ, սպասելի և սիրելի տոներ են.
«Ապրիլի 7-ը առանձնահատուկ է ինձ համար, քանի որ ես եմ մշակել օրինագիծը, որի համար ջանք ու եռանդ չեմ խնայել և սրտի թրթիռով եմ սպասում այդ օրվան այն պարզ պատճառով, որ մեր աստվածային, սրբասուրբ մայրերին նվիրված օրն է, ասել է թե Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է»,- հավելեց տիկին նախարարը:
Տեղափոխվելով մանկություն՝ Հրանուշ Հակոբյանը ոգևորությամբ հիշեց, թե ինչպես էին մարտի 8-ի առթիվ երեխաներով շնորհավորական բացիկ պատրաստում, բարեմաղթանք գրում և նվիրում իրենց սիրելի մայրիկին: Հիշեց նաև, որ չորս երեխաներով մրցակցության մեջ էին մտնում, թե իրենցից ով է այդ օրը առավել շատ գերազանց գնահատական ստանալու և որպես նվեր պարգևելու մայրիկին:
Տիկին Հակոբյանը երբեք չի մոռանում մայրիկի՝ տիկին Թերեզայի, մատուցած հայրենասիրական «նվեր-դասը», որի պատմությամբ կիսվեց մեզ հետ. «Արևմտյան Հայաստանից, իսկ ավելի ճիշտ Անիից վերադառնալով՝ տեղի եկեղեցիներից հիշատակի համար քարեր էի բերել հետս, և երբ հաջորդ օրը աշխատանքից տուն վերադարձա, քարերի կողքին մի բուռ հող նկատեցի, հետո միայն պարզ դարձավ, որ մայրս էր կոշիկներիս վրա մնացած ցեխը մաքրել, չորացրել և դրել քարերի մոտ: Այն մինչև այսօր իբրև սուրբ մասունք իր ուրույն տեղն ունի մեր տան անկյունում»,- անթաքույց հուզումով պատմեց տիկին նախարարը: Այդպիսի ազգային ընտանիքում է դաստիարակվել նախարարը:
Հրանուշ Հակոբյանն իր խոսքը եզրափակեց կանանց ուղղված շնորհավորանքով. «Անկեղծ, սրտաբուխ շնորհավորանքս եմ հղում հայրենի, Արցախի և աշխարհասփյուռ մեր սիրելի կանանց՝ մայրերին, քույրերին, տիկնանց, թո՛ղ բոլորի դեմքին միշտ հարատևի անհոգ ժպիտը, կանացի հմայքը ուղեկցի նրանց, թո՛ղ բոլորը երջանիկ լինեն, միայն բարություն, ջերմություն և հույս տարածեն շրջապատում»:
Պատրաստեց ` Գևորգ Չիչյանը
72157641993687304