▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ հասկանալ` հիմա փող տալիս եմ, թե՞ առնում.Նախախորհրդարանի անդամը` իր հասցեին հնչած մեղադրանքների մասին

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով «Փակ շուկայի» և դրա շուրջ ծավալվող  քաղաքացիական ընդվզման մասին` Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանն անդրադարձել էր  իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Նախախորհրդարանի, ակտիվիստների  կողմից:

Նրա ուշադրության կենտրոնում էր Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, ով, ըստ կուսակցության նախագահի, սկզբում պաշտպանել է ԱԻՄ նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի շահերը, հետո սկսել է հանդես գալ Նախախորհրդարանում:

«Կարո Եղնուկյանի ընտանիքը սկզբում Հայաստանում է գործունեություն ծավալել, հետո` 1971թ. ընտանիքով տեղափոխվել են Բաքու և երկար ժամանակ բնակվել այնտեղ, ապա տեղափոխվել են ԱՄՆ»,-ասել էր Անի Զախարյանը , ում կարծիքով դա չի խոսում իսկական հայրենասիրության մասին:

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն  անդրադառնալով իր հասցեին հնչած  կարծիքին` ասաց.

«Ծիծաղելի է գիտեք: Կիսատ-պռատ ինֆորմացիա է ներկայացնում: Ով որ նրան տվել է այդ սխալ տեղեկությունը` լավ գործ չի արել, քանի որ ամեն ինչ խեղաթյուրված է: Ասեմ, որ իմ նախնիները արևմտահայեր են, Եղեռնից հետո մայրական  և հայրական կողմից տեղափոխվել են Բուլղարիա: Ծնողներս ծնվել են Բուլղարիայում: Հետո, 1946թ. եկել են Հայաստան: Այստեղ էլ ծնողներս հանդիպել են, ամուսացել և ես ծնվել են 1959 թվականին: 1971 թվականին, 12 տարեկան հասակում, տեղափոխվել ենք Բաքու` մեկ նպատակով. գաղթել ԽՍՀՄ-ից:  Հայրս չէր ընդունում կոմունիստական կարգերը, միշտ էլ նպատակ է ունեցել հեռանալ Սովետական միությունից և ոչ` Հայաստանից: Բաքու տեղափոխվելու միակ պատճառն այն է, որ այն ժամանակ  նոր եկողներին Հայաստանից թույլ չէին տա մեկնել որևէ երկիր»,-նշեց Կարո Եղնուկյանը` փաստելով, որ Բաքվում մնացել են մեկ տարի, որից հետո տեղափոխվել են Բեյրութ, ապա` 1973թ. ԱՄՆ:

Խոսելով իր և Պարույր Հայրիկյանի կապի մասին` Կարո Եղնուկյանն ասաց.

«1988 թվականից, երբ որ Պ. Հայրիկյանին արտաքսել էին, եղել եմ ԱԻՄ անդամ, 90թ.ին, երբ որ թույլ տվեցին վերադառնալ, այդ նույն ժամանակ ես, հայրս և եղբայրս առաջին անգամ եկանք Հայաստան` այստեղ բնակվելու հստակ որոշմամբ: Սակայն հայրս օդանավակայանում  կաթվածահար է լինում: 1990-2008թթ անդամալույծ էր և ոչ կարող էի նրան թողնել ԱՄՆ և միայնակ վերադառնալ, ոչ էլ կարող էի իրեն բերել, վտանգավոր էր: 1991թ. եկա Հայաստան, մասնակցեցի նախագահական ընտրություններին` որպես Պ. Հայրիկյանի վստահված անձ, իսկ, ահա  1992 թ ամուսնացա:

ԱՄՆ-ում  գործարար էի, ավտոմասերի և անշաժ գույքի բիզնես ունեի, բայց, երբ  2008 թ,  հայրս մահացավ, 2009թ. կնոջս և 5 երեխաներիս հետ եկա Հայաստան` այստեղ միտումնավոր գործ չձեռնարկելով, որպեսզի շահարկումներ չլինեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք նրա քայլը պատվիրված է դրսից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ո՞ւմ պատվերը: Սամվել Ալեքսանյանը ինձ մեղադրում է համ գրանտակեր լինելու մեջ, համ` դրամաշնորհ հատկացնելու: Ուզում եմ հասկանալ` հիմա փող տալիս եմ, թե՞ առնում: Չնայած, հա, 90-ականներին, երբ Պ. Հայրիկյանը փախստականների համար  ավաններ էր ստեղծում, այդ ժամանակ այո’, դրամաշնորհ եմ հատկացրել, որ փախստականներն ազատագրված տարածքներում բնակվեին: Բայց այս ամենը կյանքի չկոչվեց, անասուններ գողացան և այլն և հայտնի գողերին չբռնեցին, ովքեր հետո մարզպետներ դարձան»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее