Shamshyan.com-ը գրում է, որ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի փեսա Վարդան Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը առևանգել Լիանա Շահբազյանի «Պորշ Կայեն» ավտոմեքենան, պատասխանել է.
«Բացարձակ սուտ է, որը ոչ մի կապ չունի իրականության հետ: Իսկ զրպարտության համար ես պատրաստվում եմ դիմել դատարան»:
Օրերս լրատվամիջոցներով լուր տարածվեց, որ «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում է գրել ոստիկանություն այն մասին, որ չկարողանալով վերադարձնել մեկ տարի առաջ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից վերցրած հինգ միլիոն դրամ պարտքը՝ առաջարկել է գրավադնել իր «Պորշ Կայեն» ավտոմեքենան, սակայն պատգամավորի փեսան՝ Վարդան Հարությունյանը, առևանգել է մեքենան, իսկ «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ-ի հիմնադիր Աշոտ Աղաբաբյանը սպառնացել է կնոջը և վերջինիս աղջկան: Լուրի վերաբերյալ կայքը պարզաբանում է ստանացել ԱԺ պատգամավորի փեսա Վարդան Հարությունյանից: Հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնելուց՝ Վարդան Հարությունյանն ասաց, որ ուզում է նշել միայն, որ տարօրինակ չէ՞ արդյոք, որ մատուցողուհի-հավաքարար աշխատող անձնավորությունը կարող է տներ, տարածքներ, խանութ ու «Պորշ Կայեն» ավտոմեքենա ունենալ, եթե մարդ ապրում է միայն աշխատավարձով: Հարցին, թե ինչո՞վ է բացատրում նման կարողությունը, նա ակնարկել է, որ «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցը, չարաշահելով իր հանդեպ Աշոտ Աղաբաբյանի ունեցած վստահությունը, բոլոր հնարավոր և անհնար անձանցից որպես պարտք հսկայական գումարներ է յուրացրել: Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության համաձայն՝ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ժամհարյանը առաջարկել է Լիանա Շահբազյանին Աշոտ Աղաբաբյանի անվամբ տալ ավտոմեքենայի վերաբերյալ լիազորագիր, որով կգրավադրվի ավտոմեքենան «HSBC» բանկում և ստացված վարկի գումարով կփակվեն պարտքերը, որին պարտապանը չի համաձայնել: Կայքը կապ է հաստատել Գագիկ Ժամհարյանի հետ, ով հերյուրանք է որակել վերոնշյալ տեղեկատվությունը՝ ասելով, որ ոչ միայն Լիանա Շահբազյանի գրած լիազորագիրն իր մոտ է, այլև դա եղել է հենց իրենց նախկին աշխատակցուհու մտահղացումն ու առաջարկը: «Պատկերացնելու համար, թե ում մասին է խոսքը, ասեմ միայն, որ Լիանա Շահբազյանն այնքան շոր է, այսպես ասած, «նիսյա» վերցրել տոնավաճառի աշխատակիցներից, որ այժմ ստիպված մենք ենք վճարում այդ հագուստների համար»,- պատմել է Գագիկ Ժամհարյանը: Հարցին, թե ինչ է իրականում տեղի ունեցել, Վարդան Հարությունյանը պատասխանել է, որ Լիանա Շահբազյանն իրենց խոսակցության սկզբում իրեն է փորձել տալ ավտոմեքենայի բանալին, սակայն ինքը հրաժարվել է վերցնելուց՝ ասելով, որ իմաստ չունի: Նախկին աշխատակցուհին, ըստ զրուցակցի, սակայն, հետ չի վերցրել բանալին և այն թողնելով սեղանին՝ խոսակցությունից հետո հեռացել է: Վ.Հարությունյանը առնվազն տարօրինակ է համարում առևանգման մասին պնդումը, քանի որ կինը եկել է իր ավտոմեքենայով, ինչը ֆիքսված է ընկերության անվտանգության կողմից, խոսել է, ապա թողնելով ավտոմեքենան ավտոկայանատեղիում՝ հեռացել է: Իսկ ինչ վերաբերում է Աշոտ Աղաբաբյանի հնչեցրած սպառնալիքին, Վարդան Հարությունյանը այն պարզապես զավեշտալի որակեց՝ ասելով, թե ինչպես կարող էր Աշոտ Աղաբաբյանը սպառնալ, եթե ինքը երկրում չի եղել այդ ժամանակ, և երկրորդ՝ դա հարիր չէ Ա.Աղաբաբյանի աշխարհայացքին և բարեկրթությանը: Պարզվել է, որ Լիանա Շահբազյանը պարտք է նույնիսկ «Հրազդան հոլդինգի» հավաքարարներին (դրանցից ամենամեծը 1000 ԱՄՆ դոլար է) և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող բենզալցակայանին, որտեղից երկար ժամանակ «նիսյա» բենզին է լցրել իր ավտոմեքենան՝ շահարկելով ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի անունը: Պարտքերի ցուցակում են հագուստը, ավտոմեքենայի փոխված յուղը և պատկերացնելի ու աներևակայելի բազմաթիվ այլ ապրանքներ և ծառայություններ:
Աառվել մանրամասն` այստեղ