▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Շիրխանյանն ու ի՞նչ կապ կարող էր ունենալ զինված խմբի հետ

«Փաստինֆո»-ն գրում է. ՀՀ ԱԱԾ-ն դեկտեմբերի 19-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի գործով հերթական սենսացիոն հայտարարությունն արեց. ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու կասկածանքով: Հայաստանի անկախացումից ի վեր Վահան Շիրխանյանը մշտապես քաղաքական թատերաբեմում է եղել:

Ավելին` առաջին նախագահի օրոք նրան նույնիսկ գորշ կարդինալ էին համարում: Մասնագիտությամբ աշխարհագետ-տնտեսագետ Շիրխանյանը, որ ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին արդեն ղեկավարում էր ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 10-րդ վարչությունը, 1990-95թթ-ին ՀՀՇ անդամ էր, Գերագույն խորհրդի անդամ, Ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի անդամ, 1995-99 թթ-ին` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Վահան Շիրխանյանը հենց ՊՆ երկրորդ դեմքն էր այն ժամանակ, երբ ՀՀ-ում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: 1999-ի հոկտեմբերի 27-ի գիշերը պաշտպանության նախարարությունում անցկացվեց հայտնի հավաքը, որի ժամանակ էլ կայացված «հրատապ» որոշումները մինչ օրս էլ խորհրդավորության քողով են ծածկված:

Հայտնի է միայն, որ այդ խորհրդակցության արդյունքում ՀՀ ԶՈՒ-ը բերվեցին մարտական պատրաստվածության, մայրաքաղաք բերվեց մեծաքանակ զորք ու անգամ տանկեր: Այսօր, հոկտեմբերի 27-ից 14 տարի անց էլ առկախված է մնում այն հարցը, թե ով էր այս հավաքի գլխորվ դերակատարը, արդյոք որոշում կայացնողը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն էր, թե այլ անձինք:

Որոշ մեկնաբանությունների համաձայն, որոշման հեղինակը հենց Վահան Շիրխանյանն էր, մեկ այլ մեկնաբանությամբ` այս քայլով նա կանխեց ռուսական հատուկ ջոկատայինների մուտքը Հայաստան ու Հայաստանի` ՌԴ ազդեցության ներքո հայտնվելը։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, այդպես էլ անհայտ է մնում: Ինքը` Շիրխանյանը մշտապես շրջանցել է այս հարցը:

Պարզ է մի բան` Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո, երբ վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, Վահան Շիրխանյանը նշանակվեց փոխվարչապետ, և, ըստ լուրերի, հենց ինքն էր իրականում ղեկավարում կառավարությունը: Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո Շիրխանյանը կարճ ժամանակով դարձավ արտադրական ենթակառուցվածքների նախարար-կոորդինատոր: Իսկ ավելի ուշ դարձավ ՍԴՀԿ-ական, որի շարքերում տարիներ շարունակվող պայքարից հետո, այս տարեսկզբին վերջնականապես հեռացել էր:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее