ՀՀԿ-ում արդեն ձեռնամուխ են եղել քաղաքապետի տեղակալների խնդրի քննարկմանը: Ըստ «կանոնակարգի»` առաջին տեղակալը պետք է լինի ՀՀԿ-ից: Առայժմ չի որոշվել, թե ով, սակայն թեկնածուների պակաս չկա: Հետաքրքիր է, որ մինչ այս մրցակցում էին Թոխմախի Մհերը` Դավիթ Սեդրակյանի, ու Սամվել Լիմինդրովիչը` դարձյալ Դավիթ, բայց Օհանյանի համար: Եթե Ալեքսանյանին հաջողվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին դարձնել տեղակալ` իր եղբորորդին կդառնա թաղապետ:
Սեդրակյանի որդուն ՀՀԿ-ում հակված չեն նշանակել առաջին տեղակալ, իսկ «շարքային» տեղակալ վերջինս չի ցանկանում: Երեկ «պարոն Թոխմախին» է զանգահարում «Հրապարակ»-ի լրագրողը: Հեռախոսը վերցնում է նրա «հեռախոսապատասխանատուն» և ասում՝ պարոն Սեդրակյանը Հայաստանում չէ, Անգլիայում չէ, նրա որդի Դավիթը չի ցանկանում տեղակալ դառնալ, որովհետև «ծով» զբաղմունք ունի: Բիզնեսո՞ւմ՝ հարցրել է լրագրողը: Այո, նաև` բիզնեսում:
Դավիթ Օհանյանը ևս չի ցանկացել խոսել, որովհետև «մեր պատճառով եկել-իրենց տուգանում են»: Խոսքն առնչվում է նրան, որ Մալաթիա-Սեբաստիայում անօրինական «սալյուտ» են խփել Տարոնի հաղթանակի առիթով. «Երբ մենք ոչ մի կապ չունենք, պարզապես մեր շտաբի կողքին հանդիսությունների սրահ է, ինչ-որ մեկի 70-ամյակն էին տոնում»: Իսկ հնարավո՞ր է դա պատճառ դառնա, որ Դուք քաղաքապետի տեղակալ չդառնաք: «Ինձ հետ ոչ մեկն այդ թեմայով չի էլ խոսել»,- կրկնել է Դավիթ Օհանյանը, իսկ ՀՀԿ-ում չեն բացառել Դավիթի՝ տեղակալ դառնալը: Չեն բացառել նաև, որ «շարքային» տեղակալ կարող է լինել ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը:
Ո՞վ կլինի Տարոնի տեղակալը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet