armtimes.com-ը գրում է. Ես ձեզ չեմ ասելու, որ մենք վերեւից երկնքից աստղեր ենք իջեցնելու։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Իջեւանում հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ամենակարեւորը ես ուզում եմ ձեզ ասել, որ ես այսօր այստեղ եմ՝ ներկայացնելու մեր ծրագիրը։ Ծառուկյանը բոլորը գիտի՝ խնդիրները եւ դրանց լուծումները։ Ես ապրել եմ այս երկրում, ապրելու եմ եւ իմ հնարավորության սահմաններում ինչ-որ կա՝ արել եմ, անելու եմ՝ անկախ ձայներից ինչքան կտաք, չեք տա:

Շատ խնդիրներ կան, ամենակարեւոր խնդիրը ժողովրդի համար բանկային համակարգն է: Այսօր ամբողջ ազգովի բանկի տակ են, տոկոսի տակ են, վարկերի տակ են: Մենք ունենք 650 հազար ընտանիք, եւ ունենք միլիոն ու կես վարկառու, այսինքն՝ ամեն ընտանիքին 2 ու կես մարդ, համարյա 3 մարդ վարկի տակ է, այսինքն՝ կինը, ամուսինը, տղան, աղջիկը, մեկը վերցնելով, մյուսը փակելով: Խնդիրը պետք է կարգավորվի: Եվ պետության աջակցությունն է պետք եւ բանկերի սեփականատերերի: Այդ վիճակով բանկերի գրավներն էլ են արժեզրկվում: Բանկի տոկոսը 8-14 տոկոս է, պետք է լինի այնպես, որ դու բանկից տոկոս ես վերցնում, պետք է այն տարվա շահույթից պակաս լինի: Բանկի տոկոսը պետք է լինի 3-4 տոկոս, որ ժողովուրդը կարողանա շնչել»,–ասաց նա։

Ելույթի վերջում Ծառուկյանն անդրադարձավ քարոզարշավի ժամանակ թեկնածուների՝ իրար վրա ցեխ շպրտելուն. «Ես իմ թիմին ասել եմ՝ հարգելի գործընկերներ, եթե իմանամ մեկի վրա ցեխ եք շպրտել, իմացեք՝ կուսակցությունից կհեռացնեմ։ Դուք ձեր գործը ներկայացրեք, իսկ եթե մեկը փորձի ցեխ շպրտել ԲՀԿ–ի վրա, ապա «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հանրությանը նրա անցածը կետ առ կետ կասեն՝ ով ա, ինչ ա, ումն ա, ինչի շնորհիվ ա, ինչի համար ա անում եւ իրա նպատակն ինչ ա»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


