«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարության անդամներից միայն ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է այն համարձակը, ով հրապարակավ խոստովանել է, որ իր աշխատասենյակում կա Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, եւ հայտարարել է, որ նկարն իր վրա մեծ ազդեցություն է թողնում: Մյուս նախարարները լռում են. ինչո՞ւ: «Ժողովուրդ» օրաթերթից մոտ երկու շաբաթ պահանջվեց՝ պարզելու համար, թե գործադիրի անդամներից ովքեր են իրենց աշխատասենյակի պատերը զարդարել Փաշինյանի պատկերով:
Պարզվեց՝ նախարարությունների խոսնակների համար մեծ խնդիր է հարցի պատասխանը՝ կա արդյոք լուսանկարը նախարարի աշխատասենյակում, թե ոչ: Այսպիսով, հարցումների արդյունքները ցույց տվեցին՝ կառավարական կաբինետի ներկայացուցիչ-նախարարների մեծամասնության աշխատասենյակներում Փաշինյանի նկարն իր պատվավոր տեղն ունի։ Բացառությամբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի՝ մյուս բոլոր նախարարների ու երկու փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի ու Սուրեն Պապիկյանի աշխատասենյակներում կախված է վարչապետի նկարը:
Նկատենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկարն աշխատասենյակներում փակցնող պաշտոնյաներին ամենասուր ձեւով քննադատող Փաշինյանը փաստացի նույն երեւույթից այժմ բնավ վատ չի զգում: Ինչպես ասում են՝ օ՜ մարդիկ, օ՜ բարքեր»:
Դիտեք նաև՝