▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փակ շուկան» կարող է փլուզվե՞լ

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնության անդամները դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Հարգելի պարոնայք

Ինչպես հայտնի է, հանրապետական նշանակության մշակույթի հուշարձան ճանաչված «Ծածկած շուկայի» սեփականատերը մասամբ քանդել ու ամբողջովին ձևափոխել է այն, ինչպես նաև նրան կցակառուցել է մեկ այլ շինություն և այդ ամբողջ համալիրը վերածել է բազմահարկ սուպերմարկետի:

Թեպետ ձեր գործառույթների բերմամբ ձեզ պետք է հաստատապես հայտնի լինի, սակայն մեր կողմից լրացուցիչ կերպով տեղեկացնում ենք, որ «Ծածկած շուկայի» շենքը մինչ վնասումն ու ձևափոխումը որակվել է որպես 3-րդ կարգի վթարային, որից հետո վերակառուցվել է ապօրինի կերպով` առանց պատշաճ թույլտվությունների ու համաձայնեցված նախագծերի և, բնականաբար, առանց այդ չափազանց բարդ շինարարության նկատմամբ տեխնիկական հսկողության, ինչի հետևանքով չկա որևէ երաշխիք, որ այն, լինելով հանրային սպասարկման օբյեկտ, ապահովված է սեյսմիկ վտանգներից: Սակայն, այս ամենով հանդերձ, այն ս.թ. սեպտեմբերի 7-ից առանց ավարտական ակտի սկսել է շահագործվել: Այս բոլոր հանգամանքները հիմնավոր կասկածներ են առաջացնում նշված համալիրի անվտանգ լինելու վերաբերյալ: 

Տեղեկացնում ենք նաև, որ շինարարության ընթացքի նկատմամբ որոշ մասնագետներ անցկացրել են հասարակական ու անհատական մոնիթորինգ, որի արդյունքները (կից ներկայացնում ենք դրանցից մեկը) հաստատում են նշված համալիրի անվտանգ լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածները: 

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը ծավալել է համապատասխան հասարակական գործընթացներ, ինչպես նաև պատրաստվում է օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` այս ապօրինության գործընթացը դադարեցնելու, մեղավորներին պատժելու և հուշարձանը վերականգնելու նպատակով:

Սակայն, ինչպես հայտնի է, օբյեկտիվ պատճառներով դատական գործընթացները կարող են տևել մի քանի ամիս կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատված:

Վերոգրյալի հաշվառմամբ և, հատկապես` հիմք ընդունելով վերը նշված հիմնավոր կասկածները, ձեզ ահազանգում և զգուշացնում ենք, որ դիտարկվող համալիրի` որպես հասարակական առևտրի օբյեկտի, շահագործումը ամեն վայրկյան ռեալ վտանգ է սպառնում այնտեղ աշխատող և առևտուր կատարող հարյուրավոր մարդկանց կյանքին ու առողջությանը: Նման դեպք օրերս տեղի ունեցավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, որտեղ սուպերմարկետի փլուզման հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, ինչին հետևեց վարչապետի հրաժարականը:

Ուստի պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել դիտարկվող համալիրի հետագա շահագործումը դադարեցնելու և այն սեյսմիկ, հակահրդեհային ու օրենքով սահմանված այլ անհրաժեշտ առումներով ստուգումների ու փորձաքննությունների ենթարկելու ուղղությամբ: Մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում հասարակական հիմունքներով տրամադրելու համապատասխան մասնագիտական աջակցություն:

Հարգանքով`

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից»
հասարակական շարժման նախաձեռնության անդամներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее