▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարագլուխը նախանշեց կրկնակապիտուլյացիայի հաջորդական քայլերը»․ Դավիթ Սարգսյան

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարագլուխն իր հերթական կուսակցական ելույթում նախանշեց կրկնակապիտուլյացիայի հաջորդական քայլերը.
1. անուղղակիորեն հայտարարեց, որ դուրս է գալու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, քանի որ Բաքուն էլ, Մոսկվան էլ դուրս են եկել: Սա թշնամու նոր ագրեսիայի casus belli-ն է լինելու:
2. ուղղակիորեն հայտարարեց, որ իրենք Ադրբեջանի հետ դեռ պետք է հասկանան` որոնք են Հայաստանի, որոնք` Ադրբեջանի տարածքները: Սա ՀՀ տարածքի զավթման եզակի նախադուռ է Բաքվի համար:
3. ուղղակիորեն հայտարարեց, որ Ադրբեջանին ութ գյուղ վերադարձնելու դիմաց մենք Արծվաշենը չենք ստանալու, քանի որ լոգիստիկ խնդիրներ կան, և այն կտրված է Հայաստանից:
4. ուղղակիորեն հայտարարեց, որ մեր բանակը պետք է համապատասխանեցվի տարածաշրջանային իրողություններին: Դա ենթադրում է ՀՀ ԶՈւ թվակազմի էական կրճատում և զինվածության սահմանափակում:
5. ուղղակիորեն հրավիրեց Ադրբեջանին` վերահսկելու ՀՀ սպառազինության քանակը և որակը, և իբր փարատելու մտահոգությունները: Այդ առաջարկն իր էությամբ համարժեք է Արցախի ՊԲ սպառազինությունն ամիսներ առաջ Ադրբեջանին հանձնելու քայլին:
6. ոչ միայն չբացառեց արտատարածքային միջանցքի գոյությունը, այլև հավաստեց, որ ադրբեջանցիներն անխոչընդոտ կարող են երթևեկել Հայաստանի տարածքով:
Ինչպես տեսնում եք, Արցախը տվել, հանգիստ ապրում ենք:
Սակայն Արցախի անկումից էլ մեծ աղետը դեռևս առջևում է...»։

Թարմացված․ Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ստեղծումից 33 տարի անց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Պետք է սովորենք պետություն ստեղծել, ունենալ, ուժեղացնել, դրա համար պետք է հասկանանք՝ պետությունն ի՞նչ է․ պետությունը կարգուկանոն է»։ Գիտակից ողջ կյանքում քաղաքականությամբ զբաղված, գրեթե 6 տարի վարչապետ աշխատող Փաշինյանը դեռ չի հասկացել, թե պետությունն ինչ է։ Բացի դեղին մամուլ հանդիսացող թերթից ոչինչ չստեղծած, միայն քննադատած ու ավերած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պետություն ստեղծելու և կարգականոնի մասին։ Նրա ասածը նիկոլերենից թարգմանած՝ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությանը իրական վտանգ է սպասվում, մանավանդ, որ նախկինում նա հայտարարել է Հայաստան պետության կործանման պատմական ցիկլերի մասին»։

Թարմացված․ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ելույթ ունենալով կուսակիցների առաջ՝ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ելույթ ունեցավ, այսպես կոչված, խաղաղության խաչմերուկի քաղաքականության ամբողջական ձախողման և իր իշխանության կատարյալ սնանկության թեմայով։
1․ Առնվազն 2022թ․ հոկտեմբերի 6-ից Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն որդեգրել էր «Արցախը հանձնենք Ադրբեջանին, որ դիմացը Հայաստանի տարածքային ամբողջականություն, խաղաղություն, «կադաստրի թուղթ» ստանանք Ադրբեջանից ու Թուրքիայից» քաղաքականությունը։
Նա զոհեց հազարավորների կյանքը, Ալիևի հետ էթնիկ զտման ենթարկեց արցախահայությանը, գիտակցված հանձնեց Արցախը՝ արդարանալով և հուսալով, որ «Հայաստանը պետք է Արցախի գերին չդառնա, համ էլ՝ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի Արցախը հանձնելուց հետո վերջնական խաղաղություն հաստատել» թեմայով։ Դա ոչ միայն անբարոյական, այլ նաև հակապետական քաղաքականություն էր, բայց մեր հանրության մի փոքր հատվածը լուռ համաձայնություն էր տվել այդ քաղաքականությանը՝ մտածելով, որ փոքրը զիջելով՝ հնարավոր կլինի փրկել մեծը։
Ալիևի վերջին հայտարարությունները վերջնականապես «ջրեցին» այդպես մտածող մարդկանց հույսերը։
Փաշինյանի արձագանքից ամբողջությամբ հաստատվում է մեր այն պնդումը, որ նա մոլորեցրել է հանրության այդ հատվածին՝ վտանգի տակ դնելով Հայաստանի ապագան։ Արցախը կուլ տալով՝ Ալիևն աչքը դրել է ամբողջ Հայաստանի վրա։
2. Փաշինյանին հավատացող փոքրամասնության համար էլ է արդեն տեսանելի նրա իշխանության սնանկությունը և ավարտված գործիչ լինելը։ Ափսոս, որ դա տեղի ունեցավ Արցախի կործանման ու հազարավոր զոհերի գնով:
3․ Հայաստանը, որպես անկախ պետություն, կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ։ Հայ ժողովուրդը կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ: Եվ այս ամենը վերջին հինգ տարիներին վարվող աղետալի քաղաքականության հետևանքով:
4. Մեր երկրին, հետևաբար, անհրաժեշտ է նոր առաջնորդություն, անվտանգության ապահովման նոր քաղաքականություն, որպեսզի Հայաստանը մնա քարտեզի վրա, որպեսզի հայ ժողովուրդը կրկին, ինչպես 100 տարի առաջ, չենթարկիվի նոր ցեղասպանության, որպեսզի մենք իսկապես երաշխավորված խաղաղ զարգացում ունենանք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее