▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր ՍԱՆԹՐՈՍՅԱՆ.« Աչքիս ՌԱՅԿՈՄԻ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ բաժնի վարիչի ու ՀՐԱՀԱՆԳԻՉԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՔ »

Չգիտեմ' այս գրառմանս որևէ լրատվական կայքի ղեկավար կարձագանքի, թե ոչ։ Կամ գուցե արձագանքի մի քանի լրագրող իմ ղեկավարած քոլեջ հետախուզական այցի ուղարկելու և ուղն ու ծուծս լաաավ տնտղելու համար։ Ժամանակներն ու բարքերն են էդպիսին։ Պատրաստ եմ։ Բայց չարտահայտվել այլևս չեմ կարող։

Ես ունեմ 470 ուսանող։ Փորձում եմ էս նեղ ու դժվար պայմաններում սերունդ կրթել ու դաստիարակել։ Թե ինչքանով է դա ինձ հաջողվում, կասեն մարդիկ, ովքեր ինձ և իմ գործունեությանը ծանոթ են։ Բայց սերունդ կրթելուն ու դաստիարակելուն խանգարում են հանգամանքներ ու էդ հանգամանքները թելադրող մարդիկ։ Չէ, խոսքս ցածր աշխատավարձերի, գիրք չկարդացող սերնդի ու անճաշակ սերիալների մասին չի լինելու։ Ամեն ինչ իր բացատրությունն ունի՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ։ Առավել ևս , որ շաաատ հեշտ է ամեն ինչ բարդել ուրիշի վրա ՝ սկսած երկրիցդ , վերջացրած անուշադիր ծնողներով։

21-րդ դարում ենք ապրում ու 14-ամյա աշակերտը հաճախ ինձանից ու ձեզանից ավելի լավ է տիրապետում համակարգչին ու կարդալ էլ գիտի։ Ես հասկանում եմ անճաշակ սերիալ նկարահանելու մարդկանց մոլուցքը՝ նայում են , նկարում են։ Ռեյտինգի հարց է, հանուն որի հեռուստատեսությունները պատրաստ են ամեն ինչի։ Ես հասկանում եմ ցածր աշխատավարձերից դժգոհող մանկավարժներին , բայց դե երկրի բյուջեի հարց է ու այդ բյուջեն ես չեմ կազմում, որ կարողանամ լիարժեք պատասխանել նաև ինձ հետաքրքրող այս հարցին։ Բայց ես չեմ հասկանում , երբ դիմադիր, թե ընդդիմադիր լրատվական կայքերը քաղաքական սենսացիաների բացակայությունից դատարկ մնացած իրենց էջերը լցնելու համար մեկը մյուսից առաջ ընկնելով տալիս են լրատվություն, որի իմաստը չնայած չեմ հասկանում, բայց վտանգների հետ շփվում եմ ամեն օր։ Ի դեպ արդեն հակադարձ հոդվածը գրելու և ինձ ու իմ արած գործը հողին հավասարեցնելու համար ձայնագրիչները (գրիչով արդեն ոչ ոք չի գրում կամ չի կարողանում գրել) պատրաստած որոշ լրագրողների պիտի նախազգուշացնեմ՝ եթե իրենք իրենց դպրոցի տնօրենին 10-12 տարվա ընթացքում տեսել են 1 անգամ ' էն էլ վերջին զանգին լացացնող բանաստեղծություններ նվիրելով ու կամ դասարանով դասից փախչելու համար ծնողների հետ միասին նույն այդ խստաբարո տնօրենի առանձնասենյակում ամոթանք ստանալիս, ապա իմ ուսանողները ինձ տեսնում են ամեն օր ու ամեն իրենց ցանկացած պահի։ Մենք միասին տարին 4-5 անգամ թատրոն ենք գնում (ցավոք երեխեքի հիմնական մասի համար դրանք թատրոն առաջին այցելություններն են), հազար տեսակ միջոցառումներ ենք անում, չունեցած մի քանի կոպեկը հավաքում ու միասին որևէ անապահով ընտանիքի կամ հիվանդ երեխայի ենք օգնում։ Անում ենք։ Միասին ենք անում։

Բայց բաներ կան , որ չեմ կարողանում անել։ Հարցեր են ծնվում 14-15 տարեկանների մոտ , որոնց պատասխանը ես' 42 ամյա, մի քանի տեղ աշխատածս ու ,ինչպես հիմա մոդայիկ է ասել, ,,դրսերը սովորածս,,, չեմ կարողանում պատասխանել։ Իսկ դրանք զանազան են ու զարմանազան։ Ես ուզում եմ հասկանալ' ինչ են մտածում կամ ավելի ճիշտ իրենց իսկ երեխայի մասին մտածում են արդյոք այն լրագրողն ու կայքի խմբագիրը, որը ամբողջ համացանցով մեկ տարածում է 41 ամյա թուրք կնոջ կողմից սեփական ընկերուհուն բռնաբարլու լուրը։ Հիմա կասեն' սրա նպատակը թուրքի իրական կերպարը հանրությանը ներկայացնելն է։ Լսեք, դրա համար այլ ճանապարհ կա։ Հրապարակեք նյութեր ցեղասպանված մեր մտավորականների, ցեղասպանությունն իրականացնողների ու դրանից մազապուրծ եղած ու մի քանի հատիկ մնացած, բայց դեռևս մեր կողքին ապրողների մասին։ Թե ցեղասպանությունը ձեզ համար միայն ապրիլի 24-ին արևածաղիկով Ծիծեռնակաբերդ բարձրանալու մեխանիկական ավանդույթն է ։ Սաֆարով գազանի ապն ու պապն ուսումնասիրեք ու գրեք էդ մասին։ Գրեք ի վերջո Հրանտ Դինքի, նրա գործունեության ու դաժան սպանության մասին։ Չէ'։ Թուրքի կերպարը հենց ընկերուհուն բռնաբարող կինն է ու բադին բռնաբարող տղամարդն է երևի(հա էդպիսի լուր նույնպես եղել է)։ Ախր դրանով թուրքի կերպար չեք բացահայտում։ Դրանով բադին բռնաբարելու ոչ անհնար լինելն եք քարոզում, որքան էլ փորձեք ապացուցել հակառակը։

Իսկ էն մեկը, որը երեք օր անընդհատ թարմացվում էր՝ մի շվեդուհի նեկրոֆիլի կմախքի հետ ունեցած եռամյա սեռական կապի մասին՝ համեմված էդ կմախքին լիզող շվեդուհու նկարներով (մեղա մեղա) ։ Լսե'ք , Շվեդիան աշխարհին ոչ միայն շվեդական ընտանիք հասկացողությամբ է հայտնի , այլ նաև Ուլոֆ Պալմեով, շվեդական հոկեյով, բնակչության կենսամակարդակով ու հազար ու մի տարբեր բաներով։ Ուղղակի կարդալ է պետք։ Հիմա ես իմ 14 ամյա ուսանող-ուսանողուհուն ինչ բացատրություն տամ նեկրոֆիլի , կմախքի ու նման այլանդակությունների մասին։ Սովետը չեմ կարոտում։ 1988-ին ինձ հեռացնում էին ինստիտուտից կուրսին միտինգ տանելու համար։ Բայց աչքիս ռայկոմի պրոպագանդայի բաժնի վարիչի ու հրահանգիչի կարիք ունեք։ Հիմա մի մասը կասեն՝ ու՞ր է նայում լեզվի տեսչությունը, ո՞ւր են մեր մտավորականները և ի վերջո, էս երկիրը երկիր չի։ Չէէէ, այ սա էն դեպքն է, որ նաև դուք եք ձեր մասով էս երկիրը էս օրին գցում։ Որովհետև էս լուրը կարդացող անասունն է Նոյեմբերյանում տատիկ բռնաբարում, էս լրատվությունը կարդացողն է Կապանում 17 ամյա աղջկան պարսիկ վարորդների հետ ստիպում պոռնկությամբ զբաղվել ։ Իսկ ձեր հրապարակած այս զզվելի լրատվության համար ամենաքիչ մեղավորը գոնե այս հարցում երկրի պաշտոնյաններն են։ Դե թող որևէ պաշտոնյա ձեր այս այլանդակությունը հրապարակելու համար փորձի փակել ձեր կայքը։ ,,Ազատ խոսքի իրավունքի բռնաբարում,, գոռացող Եվրոդատարանները ձեզ պաշտպան։ Լավ։ Մենք' ղարաբաղյան տարիներիս սերունդը, հազար բան տեսանք, բայց դիմացանք։ Մենք հասուն մարդիկ ենք, մեզ վրա չի ազդում։ Բայց էս երեխեքն են մեղք։ Նաև ձեր երեխեքը։ Չնայած գուցե ձեր երեխաներին արգելել եք ձեր կայք մտնել։ Ձեր նպատակը մեր երեխեքն են։

Վերջում ես չեմ առաջարկելու ստեղծել ագիտկոմիտե ու կարդալ ձեր կայքերի լրատվությունը։ Ես բաց նամակներով չեմ դիմելու երկրի ղեկավարներին' ձեր կայքերը փակելու առաջարկությամբ։ Ես ընդամենը խնդրում եմ , եթե համաձայն են տեսակետիս հետ, թող արձագանքեն սերունդ դաստիարակողներն ու կրթողները՝ ուսուցիչներն ու դասախոսները։ Արձագանքե'ք, ի վերջո մեր գործը նաև սա է։ Ու գուցե մի բան փոխվի։ Չգիտեմ։ Չեմ հավատում։ Ուղղակի բարձրաձայն երազում եմ։

Պարույր Սանթրոսյան
Երևանի Տարածաշրջանային N 1 պետական քոլեջի տնօրեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее