Ցանկացած լավագույն որոշում ընդամենը աշխատանքի կեսն է. իհարկե, շատ լավ որոշում է ատոմակայանի նոր բլոկ կառուցելը, բայց լավ որոշում ունենալը գործի կեսն է միայն. Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Մենք պետք է կարողանանք ընդունված այդ որոշման մասին գրագետ եւ ժամանակին բացատրություններ տալ, որպեսզի մարդիկ հասկանան որոշման կարեւորությունը: Եթե մենք այսքանը չենք ապահովում, ապա բարդությունների առաջ ենք կանգնում։ Բերեմ կոնկրետ մեկ օրինակ. տեսեք՝ այսօր գազի գինը բոլորիս՝ ինձ էլ, մեր բոլոր քաղաքացիներին էլ, մտահոգում է, չէ՞: Եվ այսօր արդեն, փառք Աստծո, գոնե որեւէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որ ամրագրված է «Գազպրոմի» հետ պայմանագրում: Ինչո՞ւ չեն խոսում, որովհետեւ ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որեւէ երկրի, եւ երկրորդ՝ մի քանի անգամ մենք սրա մասին խոսեցինք, ասացինք, մարդիկ հասկացան, հասկացան նաեւ, որ այդ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, եւ այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչեւ հինգ տոկոս: Դա, իհարկե, ցանկալի չէ, բայց այնպիսին չէ, ինչ-որ նախկինում էր: Ավելին՝ այս մասին գիտեն ոչ միայն մեր քաղաքացիները, այս մասին գիտեն նաեւ արտերկրյա գործարարները, որոնք տեսնելով կանխատեսելիությունը եւ գինը, արդեն մտածում են իրենց էներգատար արտադրությունները Հայաստանում տեղակայելու մասին:
Արդեն ունենք այդպիսի օրինակներ: Նրանք անգամ համարում են, որ կարող են այստեղից իրենց արտադրանքն առանց խոչընդոտների արտահանել նաեւ Մաքսային միության այլ երկրներ: Սա, իհարկե, շատ լավ է, բայց կա նաեւ երկրորդ հանգամանքը. մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մենք ստանում ենք ամենաէժան գազը սահմանի վրա, բայց սահմանից մինչեւ իրենց բնակարան բավականաչափ թանկանում է: Եվ սրա մասին մենք քիչ ենք խոսում: Մենք պետք է խոսենք, հասկանո՞ւմ եք, սա մեր աշխատանքն է: Այս նախարարության աշխատանքն է նաեւ: Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղի՞ց են առաջանում: Այդ ի՞նչ ավելացումներ են այդ էժան գազի վրա, որ բերում հասցնում են դրան:
Մարդկանց պետք է բացատրել, որ մենք եթե այդ միջոցառումները չանցկացնենք, եթե խողովակ չփոխենք, եթե ժամանակակից սարքավորումներ չդնենք եւ այլն, վաղը, մյուս օրը մենք կարող ենք շատ մեծ խնդիրների առջեւ կանգնել: Մեզնից յուրաքանչյուրն է պարտավոր դա անել:
Այնպես եմ հասկանում, որ այստեղ նստած յուրաքանչյուրն ինձնից շատ լավ գիտի, թե ինչ է այդ ամենը նշանակում եւ նույնքան լավ գիտի, թե դեկտեմբերի 30, 31, 1-ին ի՞նչ քանակությամբ գազ եւ էլեկտրաէներգիա ենք օգտագործում, որը մի քանի անգամ գերազանցում է սովորական օրերի միջին ծախսը: Բայց որպեսզի կարողանանք դա անխափան օգտագործել, մենք պետք է ներդրումներ անենք: 30 տարվա խողովակով, 40 տարվա խողովակով չես կարող այդ ճնշումները բաց թողնել, չես կարող այդ մատակարարումներն անել: Ես ուրախ եմ, որ այս հարցով նաեւ Ազգային ժողովի հանձնաժողով է ստեղծվել: Սա շատ լավ, լուրջ առիթ է, որպեսզի մեկ անգամ եւս այս հարցերն ուսումնասիրվեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը»,-ասել է Սերժ Սարգսյանը: