«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի մարզային շրջագայություններն իսկական պատուհաս են դառնում տեղի բնակիչների ու մարզային իշխանությունների համար:
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին զուգահեռ՝ Փաշինյանը մարզային ակտիվ «շրջագայություններ» է սկսել Կոտայք, իսկ վերջին կանգառը Շիրակի մարզն էր, ուր այցելել էր սեպտեմբերի 6-ին:
Փաշինյանը եղել էր Գյումրի, Աշոցք եւ Ախուրյան համայնքներում եւ այնտեղ միջոցառումների մասնակցել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանի այցի օրը իսկական քաոս է եղել Շիրակում:
Նրան, բացի ծառայողական կորտեժից, ուղեկցել են մարզի ողջ ոստիկանությունը, ինչպես նաեւ մի ավտոբուս՝ կարմիր բերետավորներով լի:
Համայնքային հիմնական փողոցները այդ օրը փակ են եղել, քաղաքացիները չեն կարողացել մի ամբողջ օր տեղաշարժվել, ինչը տեղացիների դժգոհությունն է առաջացրել:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանի այցի օրը մարզ են շտապել նաեւ ՔՊ-ական գյումրեցի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը եւ Դավիթ Առուշանյանը, որոնք ամբողջ օրը Փաշինյանի կողքից չեն հեռացել ու փորձել են ցույց տալ, որ իրենց հայրենի մարզում մեծ հեղինակություն են վայելում:
Ստացվում է՝ Փաշինյանն այցելում է մարզեր՝ տեղի խնդիրներին ծանոթանալու, բայց, հակառակը, ավելի է բարդացնում տեղի բնակիչների առօրյան ու նոր անհարմարություններ ստեղծում նրանց համար»: