«Կրթության որակի կարևոր բաղադրիչներից է նաև կրթական միջավայրը, որտեղ և ամեն ինչ տեղի է ունենում: ԲՈՒՀ-ի ղեկավարները երբեմն ուսանողի սոցիալական վիճակն օգտագործում են` իրենցից կախվածության մեջ դնելու և քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Օրենքի նախագիծը շատ լավն է և անհրաժեշտ, բայց մնում է հասկանալ, թե ինչ կստանանք դրանից»,-ԱԺ-ում խոսելով «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի մասին` ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հավելելով.
«Այս զեղչերը, այս ամենն օգտագործվելու է ՀՀԿ ուսխորհուրդների համար և, որպեսզի, այդ ռիսկերը ճիշտ կիրառվեն` հանրությունը պետք է իմանա, որ Դուք և կառավարությունը մտահոգված եք այս հարցով»:
Արմեն Աշոտյանն էլ, արձագանքելով պատգամավորին` ասաց.«Սոցիալական խնդիրներ, իհարկե, առկա են: Սահամնափակում են որոշ մարդկանց ազատությունը, այդ թվում` ուսանողների: Ինչ վերաբերում է միջավայրին` այն ամենուր կարևոր է: Ես քաղաքական թիմեր գիտեմ, որ սոցիալական կարիքի պատճառով հայտնվել են քաղաքական կախվածության մեջ: Ես այդպիսի թիմեր գիտեմ, դուք ասում եք` ուսանողներ: Ասեմ ավելին` օրենքն այս դեպքում հակահանրապետական է: Այս օրենքը տալու է ոչ թե կախվածություն, այլ` ազատություն»:
Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Տասնյակ են դեպքերը, երբ քննարկումների ժամանակ դեմ են արտահայտվում օրենքներին, ասում են անթույլատրելի է, բայց վերջում գալիս են և կողմ քվեարկում: Սա Ձեր ասած քաղաքական թիմերի սոցիալական կախվածության հերթական օրինակներից մեկն է»: