«Հայաստանում գաղջ մթնոլորտի հաստատման պատճառներից մեկն այն է, որ իշխանությունը քրեկան հետապնդման լծակներն օգտագործում է քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար: Այդպիսի հետապնդման զոհ է ազատամարտիկ, ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանը,-ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` մանրամասնելով.
«Սրա համար պետք է հիշել նրա գործի ժամանակագրությունը: 2013 թվականի կեսերին Վոլոդյա Ավետիսյանը ակցիաների շարք է սկսում Ազատության հրապարակում, ապա ակցիա է անում Կառավարության շենքի առջև: Ակցիայից հետո ազատամարտիկների խմբով հանդիպում է Տիգրան Սարգսյանին: Հանդիպումների արդյունքները չեն բավարարում և Վոլոդյան Ավետիսյանն ու ընկերները շարունակում են ակցիաները: Սրանից հետո հանդիպում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որը մամուլի հրապարակումների համաձայն ուղերձ է փոխանցում Սերժ Սարգսյանի անունից, այն է`դադարեցնել ակցիաները: Վոլոդյան չի համաձայնում: Այս ամենից հետո էլ ազատամարտիկը ձերբակալվում է խարդախության մեղադրանքով: Հետո ԱԺ-ն ընդունում է համաներման մասին որոշում, որը պետք է տարածվեր Վոլոդյա Ավետիսյանի վրա: Այսինքն, եթե նույնիսկ խարդախություն է կատարել, նշանակում է նա պետք է ազատվեր քրեական պատասխանատվությունից: Բայց նա չի ազատվում քրեական պատասխանատվությունից, որովհետև համաներման ուժի մեջ մտնելու օրերին նախաքննության մարմինը նրա քր.գործում ավելացնում է խարդախության ևս մեկ դրվագ, որն ունի շատ կարևոր առանձնահատկություն»,-ասաց պատգամավորը` հարցնելով, թե արդյոք շինծու չէ՞ խարդախության մեղադրանքով ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով բարձրացված խնդրին` ասաց, որ իրոք հանդիպում տեղի է ունեցել Վոլոդյա Ավետիսյանի հետ, ստեղծել են աշխատանքային խումբ, որի հիմնական նպատակներից է եղել ուսումնասիրել իրավիճակը և համապատասխան առաջարկություն ներկայացնել` որոշում ընդունելու համար, որպեսզի սոցիալական հարցերով որոշակի բարեփոխումներ իրականացնեն.
«Արդյունքում մեր պայմանավորվածությունն առաջին հերթին չի կատարվել, որովհետև մենք Վոլոդյա Ավետիսյանի հետ պայմանավորվել ենք, որ ես ճշտումներ կկատարեմ հանրապետության ղեկավարության մոտ, ընդ որում, ես նրան չեմ ասել, որ Սերժ Սարգսյանի անունից է իմ խոսքը, այլ որպես ՊՆ նախարար նրան հրավիրել եմ: Պայամանավորվածությունն առաջին հերթին խախտվել է նրա կողմից, քանի որ մինչ իմ ճշտումներ կատարելը նրանք շարունակել են իրենց գործընթացը: Որևէ քաղաքական հետապնդում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ չկա, նրա անցած ճանապարհը ես գիտեմ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Պատասխանը չգոհացրեց Նիկոլ Փաշինյանին.«Ձեր պատասխանից տպավորություն է ստեղծվում, թե Վոլոդյա Ավետիսյանին դատում են ոչ թե քրեական օրենսգրքի ինչ-որ հոդված խախտելու համար, այլ երկրի էլիտայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը չկատարելու համար»:
Վերջինի ելույթն էլ դուր չեկավ Սեյրան Օհանյանին. «Կարող եմ նորից կրկնել, եթե առաջին անգամ իմ ասելով չհասկացաք: Ես չասացի, որ նրա նկատմամբ հետապնդում են կատարում հենց քաղաքական խնդիրների առումով: Նրա նկատմամբ քրեկան գործ է հարուցված ոչ նրա համար, որ խախտել է պայմանավորվածությունը, այլ խարդախության առումով»: