▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորի եղբորը կանչել են Քննչական կոմիտե հարցաքննության

Չկալովկա համայնքի ՀՀԿ-ական նախկին ղեկավար Երվանդ Կարապետյանին, որը վարչապետ Փաշինյանի թիմակից, ԱԺ պատգամավոր՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի եղբայրն է, կանչել են Քննչական կոմիտե:

168.am-ն է գրում և նշում, որ առիթը, հիշեցնենք, Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքը ղեկավարելիս թույլ տրված ապօրինություններն են:

ԱԱԾ-ից ստացված տվյալների համաձայն՝ նախկին գյուղապետը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2014-2016թթ. համայնքի բյուջեից անապահով ընտանիքներին օգնելու պատրվակով դրամական օգնություն է դուրս գրել, որից 1 մլն 170 հազար դրամը յուրացրել է, բացի այդ՝ ձևական մրցույթի անցկացումով փաստացի իրեն պատկանող 7 մլն դրամով գնված «BMW» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականին շուկայականից շատ ավելի բարձր գնով ՝ 10 մլն 400 հազար դրամով, վաճառել է ինքն իրեն՝ իբր Չկալովկա համայնքի ծառայողական մեքենա: Եվ համայնքի կարիքների համար ձևակերպումով համայնքին պատճառել է շուրջ 3․400․000 դրամի վնաս։ Այս մասին ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել էր հուլիսի 22-ին:

Ի՞նչ կարգավիճակով է Երվանդ Կարապետյանին կանչել հարցաքննության և ի՞նչ փուլում է գործի քննությունը, այս հարցերին Կարապետյանը խուսափողական պատասխան տվեց:

«Իմ գործով նախաքննություն է ընթանում, խճճված պատմություն է, բան չեմ հասկանում, որ Ձեզ կարողանամ ինչ-որ բան ասել, գործը տեղափոխել են Երևան, քննչական կոմիտե եմ կանչվել հարցաքննության: Ամեն դեպքում սա թեթև գործ է, ավելի լավ է, իմ մասին գրելու փոխարեն՝ լուրջ գործով զբաղվեք»,- փոխանցեց Երվանդ Կարապետյանը՝ ընդգծելով նաև, որ այսօր իշխանական թևում գտնվող պատգամավոր եղբայրն իրեն ոչնչով օգնել չի կարող՝ «դրա իմաստը չկա, ամեն մեկն իր գործով է զբաղված»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее