Պատմական հայտարարություն անում են պատմական դեմքերը
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջում մի գրառումով պաշտոնական Ստեփանակերտը պատմական իրադարձություն է համարել։ Ուորլիքը «հայ–ադրբեջանական հակամարտություն» տերմինը փոխարինել էր «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն» տերմինով։
Ընդ որում, ամերիկացի դիվանագետը սույն միտքը լղոզված ու ոչ այնքան ուղղակի էր արտահայտել։
Չգիտեմ՝ Ստեփանակերտում ինչ չափանիշով են որոշում որևէ գրառման(տվյալ դեպքում՝ խոսքը դրա մասին է) պատմականությունը, բայց, որպես մասնագետ, գիտեմ, որ պատմական հայտարարություն անում են պատմական դեմքերը։
Ուորլիքն այդպիսին չէ ոչ միայն առհասարակ, այլ նաև՝ կարգավորման այս գործընթացում։ Ավելին, նա ոչ թե քաղաքականություն մշակող կամ նույնիսկ վարող է, այլ սոսկ՝ կատարող, ով սրբորեն իրականացնում է Սպիտակ տան ու պետքարտուղարության քաղաքականությունն, որոնք, ի դեպ, այս հակամարտության կողմեր են համարում Հայաստանին ու Ադրբեջանին ու նույն Ուորլիքին Բակո Սահակյանի մոտ պարբերաբար ուղարկում են՝ դիվանագիտական էթիկայից ելնելով կամ տեխնիկական հարցեր քննարկելու համար։
Եվ հետո՝ թվիթերյան գրառումը պաշտոնական ձևաչափ չի ենթադրում, մանավանդ՝ այս դիվանագետի պարագայում, ով կապված է սոցցանցերի հետ ու սիրում է գրառումներ անել, ընդ որում՝ հակասական կամ, որ ավելի հավանական է՝ հասարակական կարծիքը ստուգելու, ուղղորդելու նպատակով։