«Հրապարակ» թերթը գրում է. «2011-2018 թվականներին Երեւանի քաղաքապետ աշխատած, իսկ ՀՀԿ-ականների կարծիքով՝ Երեւանի լավագույն քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ հարցրինք՝ ինչո՞ւ չի առաջադրում թեկնածությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում, թե՞ այնքան էլ լավագույնը չի եղել, որքան կարծում են իր կուսակիցները։ «Դուք Ձեզ հարց եք տալիս, Դուք՝ պատասխանում։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ դեռ քննարկում չենք ունեցել, որոշում չենք կայացրել, երբ որոշում կայացնենք՝ կհայտարարենք»,- զուբրիտի ոճով հանդես եկավ Տարոն Մարգարյանը։
Այսինքն՝ նետվելու եք պայքարի՞, թե՞ պասիվ դիտորդի կամ, գուցե, աջակցի կարգավիճակ եք ստանձնելու։ «Պետք է համբերենք, արդյոք Երեւանի ընտրության օ՞ր են նշանակել, երբ նշանակեն, այն ժամանակ էլ կխոսենք, մի շտապեք»։
Չենք շտապում, բայց ենթադրում էինք, որ ՀՀԿ-ն Ձեզ համարելով բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը՝ առանց որեւէ քննարկման, պետք է Ձեզ պայքարի առաջնագիծ մղեր։ «Մեր համար քաղաքական օրակարգն այլ է, քաղաքապետի հերթական ընտրություններին դեռ 6 ամիս ժամանակ կա, եթե կուսակցությունը որոշում կայացնի, անպայման կտեղեկացնենք»։
Իսկ ո՞րն է այսօր ձեր քաղաքական օրակարգը։ «Ընդդիմության օրակարգը»։
Ո՞րն է դա։ «Դուք լավ գիտեք»։
Այո՝ գալ խորհրդարան, ՔՊ-ականների հետ գնալ գործուղումների, ձեռքի հետ էլ մի երկու ստատուս գրել, հարցազրույց տալ ու համարել ձեր առաքելությունն ավարտվա՞ծ։ «Լավ, էլի»։
Դասական ընդդիմության օրակարգը պետք է լինի իշխանափոխությունը, իսկ ավագանու ընտրություններն այդ հնարավորությունը տալիս են՝ նկատեցինք մենք։ Այս հարցին արդեն Մարգարյանն ինչ-որ բան քրթմնջաց եւ արագ մտավ իր աշխատասենյակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում