▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է հաշվի առնել, որ ունենք նոր կազմավորվող հավաքական. Հենրիխ Մխիթարյան

 

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպեցին լրագրողների հետ։ Սկզբից Վարուժան Սուքիասյանը և Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեցին ընկերական հանդիպումների կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ խաղերի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, այնուհետև լրագրողները հարցերն ուղղեցին Հենրիխ Մխիթարյանին։

-Ձեր կարծիքը Գվատեմալայի հավաքականի մասին:

-Ճիշտն ասած՝ դեռ չենք ուսումնասիրել մրցակիցներին, բայց գիտենք, որ բավականին ուժեղ թիմերի դեմ ենք խաղալու։ Մեզ համար լավ փորձ կլինի խաղալ լատինամերիկյան թիմերի դեմ։ Սա կարևոր է մեզ համար, որովհետև, հնարավոր է, շատ փորձարկումներ լինեն։ Այդ պատճառով կփորձենք լավագույն կերպով ներկայանալ հանդիպումներին։

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները:

-Այնպիսի խմբում ենք հանդիպել, որ բարդ կլինի լուծել այդ խնդիրը։ Սակայն կարծում եմ՝ պետք է փորձենք առաջ շարժվել քայլ առ քայլ։ Պետք է հաշվի առնել, որ ունենք այնպիսի հավաքական, որը դեռ նոր է կազմավորվում։

- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք նոր են սկսում իրենց խաղային կարիերան։

- Առաջին հերթին կարող եմ ասել, որ ցանկացած մարդ պետք է պայքարի՝ իր տեղը գտնելու համար։ Եթե փորձում ես ինչ-որ մի գործ անել, պետք է անես առավելագույնը։ Բոլորին խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին, կարողանալ սովորել և հաջողության հասնել։ Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է միմիայն իր աշխատանքից։

- Ի՞նչ նորություններ կան Ձեր՝ այլ թիմ տեղափոխվելու կապակցությամբ:

- Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի խաղերի վրա, որից հետո միայն կմտածեմ ակումբային գործերիս մասին։

- Եվրոպական հավաքականներից ու ՞մ շանսերն եք ավելի բարձր գնահատում Եվրո-2016-ի ժամանակ։

- Եթե ընտրելու լինեմ բոլոր հավաքականներից, կպատասխանեմ՝ Գերմանիա, Անգլիա և Ֆրանսիա։

- Հնարավո՞ր է երբևէ հանդես գաք Լոս-Անջելեսում։

-Շատ եմ մտածել այդ մասին։ Հնարավոր է՝ մի օր հանդես գամ այստեղ և վստահ եմ, որ մարզադաշտում կզգամ հայերի աջակցությունը։

- Ի՞նչ պատգամ ունեք Լոս-Անջելեսի հայությանը շաբաթ օրը կայանալիք խաղի համար։

- Մեզ համար շատ կարևոր է և հաճելի գտնվել այստեղ։ Առավել կարևորում եմ այն փաստը, որ հանդիպումները լինելու են բարեգործական բնույթի, իսկ հասույթը տրամադրվելու է զանազան հիվանդություններ ունեցող և անօթևան երեխաների հիմնադրամին Հայաստանում։ Վստահ եմ, որ մեր երկրպագուները կգան մարզադաշտ, իսկ մենք էլ կփորձենք նրանց ուրախացնել մեր լավ խաղով։

Աղբյուրը` ՀՖՖ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее