▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փոփոխված» անփոփոխը .«Գենդերային» նախագծի մասին

Արդեն գրեթէ մեկ շաբաթ է մեզ են դիմում թե՛ ԶԼՄ ներկայացուցիչները, թե՛ զանազան հասարակական կազմակերպություններ և թէ՛ անհատներ ներկայացնելու մեր տեսակետն ու կարծիքը ՀՀ Կառավարության կողմից «Կանանց եւ Տղամարդկանց Հավասար Իրավունքների և Հավասար Հնարավորությունների Ապահովման Մասին» ՀՀ օրենքի առնչությամբ առաջարկված փոփոխությունների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք մեր վերլուծությունը, կարծիքն ու առաջարկը:

2013 թ. Օգոստոս 23-ի նիստում ՀՀ կառավարությունը ներկայացրել է նախագիծ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կանանց եւ Տղամարդկանց Հավասար Իրավունքների և Հավասար Հնարավորությունների Ապահովման Մասին» ՀՀ օրէնքի առնչությամբ: Նախագծով առաջարկվում է՝

1. «Կանանց եւ Տղամարդկանց Հավասար Իրավունքների և Հավասար Հնարավորությունների Ապահովման Մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 11-րդ և 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» բառերով:
Վերոնշյալ նախագիծ/առաջարկը հարցի արմատական լուծում չի առաջարկում հետևյալ պատճառներով՝
ա) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը օրենքում սոսկ իմաստային և ընդունված եզրաբանական (տերմինաբանական) բացատրությունն է «գենդեր» բառի, որի ուժը կորցրած ճանաչելն ըստ էության որևէ նշանակություն և ազդեցություն չունի ամբողջական օրենքի վրա, քանի որ օրենքի բոլոր հատվածներում «գենդեր» եզրը առկա է առանց եզրաբանական բացատրության: Այսինքն՝ եթե «գենդեր» բառը պետք է օգտագործվի զուտ հայերեն համապատասխան բառը չունենալու պատճառով, ապա այն պետք է հստակ կերպով նորովի ստուգաբանվի և էական եզրաբանություն սահմանվի: Հետևաբար նախագիծը էական որևէ փոփոխություն չի առաջարկում, այլ պարզապես հանված է եզրի ստուգաբանությունը, որը շփոթեցնող է և հակասական: 
բ) Նախագծում Հոդված 5-ի 2-րդ մասը սահմանում է. «Եթե ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված են կանանց և տղամարդկանց հարաբերությունները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են, սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:
Այս հոդվածը ամբողջ փաստաթղթի ամենաէական հատվածն է, ըստ որի, փաստորեն, ինչպիսի փոփոխություններ, եզրաբանական ստուգաբանություններ և ձևակերպումներ էլ առաջարկվեն և ներդրվեն այս օրենքում «միջազգային պայմանագրերով սահմանված գենդերային հարաբերությունները կարգավորող այլ նորմերը» գերապատվություն, օրենքի ուժ և բնականաբար դրանից բխող կիրառելիություն են ստանալու ՀՀ-ում, քան նախատեսված սույն նախագիծն է կամ օրենքը: Հետևաբար, ՀՀ կառավարության մտահոգությունը և հիմնավորումը «օրենքով ամրագրված ձևակերպումները զերծ պահել հասարակական տարաբնույթ մեկնաբանություններից և տարընթերցումներից» էական, հիմնավոր և հայեցակարգային չեն կարող լինել, քանզի խնդիրը ոչ միայն տարընթերցումներն ու մեկնաբանություններն են, այլ միջազգային անհայտ պայմանագրերով սահմանված պարտավորությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿ

ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող նախագիծը էական փոփոխություններ չի ներկայացնում ընդունված օրենքում չստուգաբանված եզրաբանության և միջազգային անորոշ և անհայտ պայմանագրերի պարտավորությունների կատարման պատճառով: 
Օրենքը չի մեկնաբանում նաև «քաղաքացիական հասարակություն», (Հոդված 2.1), «գենդերային հիմնախնդիրներ (3.6), գենդերային կարծրատիպեր (3.13), իրական գենդերային իրավահավասարություն (3.17) և այլն» հասկացությունները, որոնք ըստ էության այլևս երկրորդական նշանակություն ունեն: 
Այսու, վերոնշյալ երկու կետերն են կազմում օրենքի առանցքը և ոգին, որոնց վերատեսությունը միայն կարող է սահմանել և իրական փոփոխություններ առաջարկել ներկա օրենքում: 
Մեր առաջարկն է բոլոր այն հատվածներում, որտեղ առկա է «գենդեր» եզրը, փոխարինել «Կանանց և տղամարդկանց» արտահայտությամբ, որը կարծում եմ հիմնական իմաստով կլուծի խնդիրը թե՛ ներքին կյանքում և թե՛ արտաքին, միջազգային պարտավորությունների դիմաց:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Եկեղեցական Հայեցակարգային հիմնադրոյթների գրասենյակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее