ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի մասին հազվադեպ է հիշատակվում` առիթից առիթ, թերևս միայն այդ դեպքերում, երբ հակառակորդը կրակ է բացում գյուղի վրա: Ու միանգամայն տեղին է գյուղի տարեց բնակչուհիներից մեկի վրդովմունքը, թե «Մովսեսն ամենաանտեսված գյուղերից է»: Մինչդեռ անթույլատրելի է անտարբերությունը ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղի նկատմամբ:
Մովսեսցիները շատ լավ գիտեն` ինչ ասել է պատերազմ: Սահմանն ու պատերազմն այստեղ առավել շոշափելի են, խաղաղություն կոչվածն` առավել փխրուն, իսկ առօրյա խնդիրներն ու հոգսերը` ավելի ընդգծված ու կնճռոտ...
ASEKOSE.am-ի թղթակիցն այցելել է Մովսես գյուղ, զրուցել համայնքի ղեկավարի, բնակիչների հետ:
Մեր այցելության պահին գյուղը մարդաշատ էր, աղմկոտ. բակային ճամբար էր կազմակերպվել: Արտաքուստ անհոգ թվացող գյուղից սակայն անզեն աչքով երևում են հակառակորդի դիրքերը:
Գյուղի հեռավորությունը հակառակորդի դիրքերից ընդամենը 300 մետր է: Ամբողջ տարածքը նշանառության տակ է: Այստեղ հաճախ են կրակոցներ լսվում, թեև վերջին շրջանում դրանք հազվադեպ են դարձել: Վերջին դեպքը փետրվարին էր, երբ դիպուկահարի գնդակից զոհվեց պահմանագրային զինծառայող Մհեր Եղշատյանը:
Թեև որոշ խնդիրներ լուծվել են, այնուամենայնիվ դժվարությունները շատ են: Համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը նախքան բնակիչներին հուզող հարցերին անդրադառնալն` առանձնացնում է ամենամեծ խնդիրը.
«Մեր ամենամեծ խնդիրը խաղաղությունն է: Եթե խաղաղություն լինի, մարդիկ կվերադառնան»:
Համայնքի ղեկավարն առանձնանցնում է ջրապահովման խնդիրը` նշելով որ այն ամենահրատապ լուծում պահանջողներից է. նրա խոսքով`
«Երևի որևէ գյուղ այնքան ջրային պաշար չունի, որքան Մովսեսը, բայց չի օգտագործվում: Չենք կարողանում գոնե 4 օրը մեկ բնակչությանը ջրով ապահովել:»
Գյուղում ընդամենը 30 աշխատատեղ կա, համայնքի ղեկավարի խոսքով` եթե նրանցից մեկը զրկվի աշխատանքից, մեկ շաբաթ անց օդանավակայան կգնա:
Մշակովի հողատարածքներն անմիջապես նշանառության տակ են: Մշակվում է գյուղին պատանող հողատարածքների 50 տոկոսը միայն:
«40 հա աշնանացան ունենք հնձելու: Ունենք 2 կոմբայն, սակայն դարն ապրած են: Նախագահը երբ նախընտրական ծրագրով Մովսես էր եկել, կոմբայն է խոստացել, դեռ չկա, սակայն սպասում ենք: Սա օրախնդիր է»,-ասում է համայնքի ղեկավարը:
***
Գյուղի տարեցները գյուղամեջում նստած քննարկում են վերջին իրադարձությունները` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, Աուրելիա Գրիգորիուի պահվածքը` մեր խորհրդարանում: Իրենց հուզող խնդիրների, հոգսերի մասին մեր հարցին ի պատասխան խորը հոգոց են հանում ու միմյանց լրացնելով` պատմում.
«Հակառակորդը շատ է մեզ խանգարում: Չենք կարողանում մեր հողերը մշակել, քանի որ նշանառության տակ են: Շատ դեպքեր են եղել, կրակում են, հողից հանում: Մարդիկ սաղավարտներով են հող մշակում: Խնդիրները շատ են: Վառելանյութը թանկ է: Գոնե չկարողանան՞ք մեր հացը վաստակել: Կոմբայն չունենք»,- ասում է 84-ամյա Աշոտ Վանեսյանը և ի պատասխան մեր դիտարկմանը, թե նախագահը հողի հարկից ազատել է, հավելում.
«Էդ հողերը չէինք էլ մշակում, բայց հարկ էինք տալիս, իմ տղերքը Ռուսաստանում են, բայց նրանց տեղն էլ էի հարկ վճարում:»
Համատարած թանկացումները ևս խիստ մտահոգիչ են.
«Գազը թանկացավ, էլ իմաստը ո՞րն է գազ օգտագործելու: 2 կետ ունեմ քաշած, մեկն ընդհանրապես չեմ օգտագործում, մյուսից էլ երևի չօգտվեմ: Ոչ նպաստառու եմ, ոչ թոշակառու: Ամեն ինչը թանկացրին:»,- ասում է 60-ամյա Սարգիս Խաչատրյանը:
Արտագաղթըն այստեղ ամենացավոտ խնդիրներց է.
«Շատ-շատ են փակ դռները, որ գյուղում շրջես, կտեսնես»,- հավաստիացնում են բնակիչները:
«Բոլորը գնացել են, մնացել են ծերերը: Ես 20 հոգի ունեմ դրսում` տղաներս, աղջիկս, թոռներս: Այստեղ ես ու կինս ենք»,- ասում է Աշոտ Վանեսյանը:
«Տղերքս Ռուսաստանում են, բայց հազիվ իրենց են պահում: բԲլորին հարցրեք, տուն չկա, որ դրսում մարդ չունենա: Գոնե մի գործարան չեն բացում, որ ջահեները բանակից գան, կարողանան ածխատել, թողնում, գնում են:»,- լրացնում է Սարգիս Խաչատրյանը:
Գյուղում շատ են նաև պատերազմի տարիներին կռված, իսկ այսօր այդ մասին վկայող որևէ փաստաթուղթ չունեցող տղամարդիկ:
«Կռվել եմ, բայց ժամանակին չեմ պատկերացրել, որ պետք է փաստաթուղթ ունենամ: Նույնիսկ վիրավորվել եմ»,- ասում է Հրանտ Այվազյանը:
Հ.Գ. Առօրյա հոգսերին ավելանում է նաև ամենօրյա անխուսափելի վտանգը` հակառակորդի կողմից: Այնքան բազմաբնույթ են սահմանամերձ գյուղի խնդիրները, որ մեր զրուցակիցները դժվարանում են դասդասել, թե որն է առաջնահերթ լուծում պահանջողը: Սակայն, այս պայմաններում անգամ որևէ հոգածություն չկա, սահման պահող այս մարդիկ որևէ արտոնություն չունեն: Որևէ մեկը նրանց չի խրախուսում, չի գոտեպնդում:
«Փորձում են տեսնեն, թե ինչքան կձգի էս ժողովուրդը»,- այսպես է եզրափակում մեր զրուցակիցը:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան