ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի «նամակագրությունը» կառավարության տարբեր պաշտոնյաների հետ շարունակվում է:
Այս անգամ` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունն ուղղված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
Մենք շնորհակալ ենք Արմեն Մովսիսյանին՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքի մանրամասների համար և կցանկանայինք ամբողջացնել դրանք հավելյալ տեղեկատվությամբ: Գույքի փոխանցմամբ պարտքի խնդիրը լուծելու գաղափարը գալիս էր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներից: Սակայն «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի բանակցությունները վարվում էին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որի համանախագահներն այն տարիներին Սերժ Սարգսյանը և Իլյա Կլեբանովն էին: Համաձայնագրի պարամետրերի մասին բոլոր պայմանավորվածությունները, մանավորապես ձեռնարկությունների ընտրության, դրանց գնահատման և կողմերի պարտավորությունների վերաբերյալ ձեռք են բերվել հենց միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, ինչը և ամրագրվել է համապատասխան արձանագրություններում:
Ինքը՝ Արմեն Մովսիսյանը, որպես էներգետիկայի նախարար, գործընթացի առանցքային մասնակից է եղել էներգետիկ ակտիվների մասով: Պայմանավորվածությունների վերջնական արդյունքները զեկուցվել են ՀՀ և ՌԴ նախագահներին՝ հավանություն ստանալու համար: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա էլ համարում է, որ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել: Դատելով հարցազրույցից, Մովսիսյանը ժամանակի ընթացքում վերաիմաստավորել է իր կատարված աշխատանքի գնահատականը և իր անձնական նպաստը այդ համաձայնագրի կայացման գործում: Ի՞նչ արած, երբեմն մարդկանց հետ այդպես էլ է պատահում: Այսքանը 2002թ. համաձայնագրի մասին:
Տպավորությունն այնպիսին է, որ նախարարը շփոթել է 2002 և 2006 թվականների համաձայնագրերի բաղադրիչները: 2006 թվականի համաձայնագրի հիմնական շարժառիթը Իրան-Հայաստան գազամուղի կառուցման նախագծին Գազպրոմի ներգրավումն էր՝ 5-րդ էներգալբլոկի շինարարության ավարտմամբ: Նշենք, որ այդպիսով Գազպրոմը ներառվում էր Իրանական գազով էլեկրաէներգիայի արտադրության և հետագայում դրա՝ Իրան արատահանման սխեմայի մեջ: Այդ սխեման լիարժեք դեռ չի շահագործվել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ուշացման պատճառով: Այն, ինչով պարտավոր էր զբաղվել էներգետիկայի նախարարը: Կիսակառույց 5-րդ էներգաբլոկը գնահատվեց 250 մլն դոլար: Այդ Էներգաբլոկը սկսել էր կառուցվել ԵՎԶԲ-ի վարկով 1995-96թթ.-ին, այնուհետ կոնսերվացվել էր, ընդհանուր ծախսը կազմել էր շուրջ 60 մլն դոլար: Գազպրոմն ընդունեց գնահատված արժեքը հենց այն պատճառով, որ հայկական կողմը հնարավորություն ունենա սուբսիդավորել գազի գինը: Ընդհանուր առմամբ, Գազպրոմի կողմից նախագիծն իրականացվեց բարձր մակարդակով:
Նախագծի վարողը հանդիսանում էր Հայռուսգազարդի ղեկավարությունը: Հայաստանը, գրեթե ոչինչ չծախսելով. ստացավ նոր ժամանակակից էներգաբլոկ և հայ-իրանական գազամուղ, ինչպես նաև, առանց բյուջեն ծանրաբեռնելու, գազի գնի սուբսիդավորման միջոցներ: Ընդ որում, որևէ մեկին որևէ բացառիկ իրավունք չտրվեց: Դա արվել է բաց և թափանցիկ /տես՝ ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի որոշումը, համար 449/:
Իսկ հիմա նախարարի հարցազրույցի մնացած դրվագների վերաբերյալ: Տպավորություն կա, որ Մովսիսյանը չի կարդացել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, ո՛չ էլ Գազպրոմի հետ վերջին համաձայնագիրը: Իսկ եթե կարդացել է, ապա ոչինչ չի հասկացել: Ակնհայտ է, որ նա լրջորեն խճճվել է:
Մանավորապես.
1. Այն ժամանակվա և ներկայիս սուբսիդիաների տարբերությունն այն է, որ այն ժամանակ սուբսիդիան կատարվում էր արդեն համաձայնագրի կնքումից հետո, այսինքն՝ օրինական հիմքի վրա: Հիմա՝ հետին թվով, ի հաշիվ գազի դիմաց կուտակված փաստացի պարտքի: Հուսով ենք՝ նախարարը այս տարբերությունը հասկանում է:
2. Անհասկանալի է Մովսիսյանի՝ բաշխիչ ցանցերի մասնավորեցման հետ արված համեմատությունը: Բացառիկ իրավունքներ այնտեղ չկային և չէին կարող լինել: Ընդհակառակը, այնտեղ մանրամասն շարադրված են սպառողների սպասարկման մասով ընկերության պարտավորությունները և գեներացիայի վճարումների մեխանիզմները: Թվում էր, թե էներգետիկայի նախարարը պետք է որ իմանար դրա մասին:
3. Հայռուսգազարդի գործադիր տնօրենը ընկերության աշխատանքների մասին անձամբ ամեն ամիս զեկուցում էր նախագահին, սակայն նա երբևէ չի ասել, թե տնօրենների խորհրդում Գազպրոմի ներկայացուցիչները խոչընդոտներ են ստեղծում մենեջմենթի առաջ: Ընդհակառակը, մշտապես խոսվել է փոխադարձ վստահության և ընկերությունը կառավարող թիմի գործողությունների ազատության բարձր մակարդակի մասին: Հայռուսգազարդի ընթացիկ գործունեությանը Մովսիսյանը չի առնչվել:
4. Որպեսզի ընթեցողը ինքը գնահատի, թե ինչ իրավունքներով է օժտվել ընկերությունը, մի մեջբերում անենք մամուլում հրապարակված և չհերքված վերջին համաձայնագրից. «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և /կամ չեղյալ հայտարարի/ և կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի/ ևկամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում»: Այստեղ է, որ նախագահ Քոչարյանը խնդիր է տեսնում: Սա ապագայի առումով վատ նախադեպ է էներգետիկայում հնարավոր ներդրումների համար: Այսօր Հայռուսգազարդը ոչ միայն բնական մենաշնորհ ունի գազի ոլորտում, բայց և էլեկտրոգեներացիայի խոշոր մասնակից է /5-րդ էներգաբլոկ/: Գեներացիայում այլ ընկերությունները այդպիսի իրավունքներ ապագայի համար չունեն, ինչը կարող է խաթարել նրանց մրցակցային հնարավորությունները: Նախարարը թերևս կհանդարտեցներ հանրությանը, եթե համաշխարհային պրակտիկայից նման համաձայնագրերի մի քանի օրինակ ներկայացներ /բայց ոչ գաղութային Աֆրիկայի ժամանակաշրջանից/:
5. Մենք նաև կուզենայինք, որպեսզի ստորագրված համաձայնագրի մասով ապագայում խնդիրներ չառաջանային և որ Գազպրոմի հետ պահպանվեին գործընկերային հարաբերությունները:
Ափսոսում ենք, որ ստիպված ենք բացատրել նախարարին մի բան, որ գրված է սևով սպիտակին, և հրապարակված է երկու լեզվով: Հիշողության ընտրողականությունը նենգ բան է. կարող ես շփոթել դարպասները և ինքնագոլի հեղինակ դառնալ: Ի՞նչ արած, այսպիսին է մեր նախարարը, և այսպիսին է մեր իրականությունը: Կուզենայինք մի քանի բառով անդրադառնալ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարություններին /15 հունվարի, ասուլիս ՀՀ կառավարության շենքում/: Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսևորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով: Ծավալված բանավեճի էությունն այն էր, որ առանձին պաշտոնյաներ, ձգտելով արդարացնել այսօրվա խնդիրները, փորձում էին վերագնահատել նախորդ իշխանության տնտեսական քաղաքականության արդյունքները: Խոսքը հիմնականում 2001-2007 թվականների մասին է:
Նախագահ Քոչարյանը կարող էր պարզապես լուռ մնալ, հիմք ընդունելով այն, որ ըստ Սահմանադրության՝ տնտեսության պատասխանատուն կառավարությունն է: Բայց նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն և ոչ այնքան իր համար, այլ նաև այն թիմի համար, որը երկարամյա աշխատանքով կերտել է այդ ձեռքբերումները: Խոսքը վարչապետի, նախարարությունների, Երևանի և այլ քաղաքների քաղաքապետարանների, տասնյակ հազարավոր շինարարների մասին է, որոնք ոչ թե փուչիկ էին փչում, այլ բարեկարգում էին երկիրը: Այդ «փուչիկներից»՝ ճանապարհներից, կամուրջներից, թունելներից, բարեկարգված թատրոններից ու թանգարաններից, այսօր օգտվում են բոլորը, այդ թվում՝ մոռացկոտ պաշտոնյաները: Ցավոք, այդ ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ