ՌԴ նախագահ Վլադիմիի Պուտինն այդպես էլ չմասնակցեց սեպտեմբերի 14-19-ին Հայաստանում կայացած «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ զորավարժություններին, թեև այդ այցին Հայաստանում կարծես թե մինչև վերջին պահը սպասում էին: Ավելին, գրում է «Ժողովուրդ»-ը, դրանից երեք ամիս առաջ հայտարարելով Պուտինի՝ Հայաստան կատարելիք պետական այցի մասին, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հատուկ ընդգծել էր, որ դա լավագույն պատասխանն է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի շուրջ կասկածներ ունեցողներին: «Մենք մեր ընկերներին չենք փոխում և չենք լքում»,- շեշտել էր Զատուլինը և անդըադառնալով օգոստոսի 8-ին կայացած Սարգսյան-Պուտին հանդիպմանը, որի համար, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը ստիպված եղավ ընդհատել իր կարճատև արձակուրդը, արդեն օգոստոսի 11-ին ասել էր. «Քննարկվում է սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների հարցը: Քաղաքական, անգամ ոչ քաղաքական տեսանկյունից, սա չափազանց կարևոր է, քանի որ տեղի է ունենում հենց այն պահին, երբ ավելի քան երբևէ անհրաժեշտ է ցուցադրել գործընկերային հարաբերությունները»:
Եվ ահա այդքանից հետո Պուտինի՝ Հայաստան չգալը, ցուցադրաբար այդ ընթացքում «Կովկաս-2012» զորավարժություններին մասնակցելը, ապա Ղրղըզստան մեկնելն ու այդ երկրի կես միլիարդ դոլարի պարտքը ներելը ցույց է տալիս, որ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել «գործընկերային հարաբերությունները ցուցադրելու» և «ընկերներին չփոխելու» հարցում: Ըստ թերթի` այս համատեքստում խիստ ուշագրավ էր ՀՀ անկախության տոնի առթիվ ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձը` որտեղ բացի այն, որ կիրառված չէր «մեծարգո պարոն նախագահ» ընդունված դիմելաձևը, նաև առկա էր խոսուն հիշեցում կապված օգօստոսի 8-ի` վերը հիշատակած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: «Գոհունակությամբ եմ նշում հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, կառուցողական բնույթը, որը լիովին հաստատվեց Մոսկվայում մեր վերջին հանդիպման ժամանակ»,- ասված, էր Պուտինի ուղերձում:
Ակնհայտ է, որ ռազմավարական դաշնակից, դարավոր բարեկամ երկու երկրների հարաբերություններին տրված «բարեկամական, կառուցողական» բնորոշումները, որոնք կիրառելի են միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող ցանկացած երկրների միջև, հենց այնպես չեն ընտրված` փոխարինելով ավանդաբար հնչող շատ ավելի ջերմ բառապաշարին: Էլ չասած` որ Պուտինի շնորհավորական ուղերձը տեղադրված չէ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:
«Սրանք մանրուք թվացող, սակայն շատ կարևոր և հստակ ուղերձներ են առ այն, որ Վլադիմիր Պուտինը խիստ դժգոհ է Սերժ Սարգսյանի վարած քաղականությունից, և, ըստ ամենայնի, օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումից: Այնքան դժգոհ, որ ոչ միայն ինքը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, այլև, ըստ էության, արգելեց նաև Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնապես հրավիրված ՀԱՊԿ անդամ մյուս երկրների նախագահներին դա անել»,- հավելում է «Ժողովուրդ»-ը: